Մովսիսյա՞ն, Կերժակո՞վ, թե՞ Նեկո՝ ո՞վ է ավելի վտանգավոր. Շերբաչենկոյի կարծիքը
Սարանսկի «Մորդովիայի» գլխավոր մարզիչ Ֆյոդր Շերբաչենկոն համեմատել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության գլխավոր ռմբարկուներ Յուրա Մովսիսյանին, Ալեքսանդր Կերժակովին ու Դանիլո Նեկոյին:
«Գիտե՞ք, թե որն է Կերժակովի առավելությունը Նեկոյի ու Մովսիսյանի նկատմամբ: Ալեքսանդրը շատ լավ է բացվում, լավ է արձագանքում սուր փոխանցումներին և վտանգավոր է ընթացքից գրոհների ժամանակ, բայց ավելի վատ է խաղում, երբ մեն-մենակ է հայտնվում մրցակցի դարպասապահի առջև:
Նեկոն անհատական լավ հատկանիշներ ունի և կարողանում է սրել պահը: Ձգտում է անընդհատ գնդակով լինել, որը բարդ է նրանից խլել: Բրազիլացին տարբերվում է իր մեկնարկային արագությամբ և Կերժակովի ու Մովսիսյանի նման միօրինակ չէ. սիրում է ռիսկի գնալ, չի վախենում իմպրովիզ անելուց:
Մովսիսյանի առավելությունը գերազանց ֆիզիկական պատրաստավածությունն է, ինչի շնորհիվ նա կարողանում է ճնշել պաշտպաններին և շրջանցել նրանց: Բացի այդ, հրաշալի գոլային հոտառություն ունի և վատ չի խաղում գլխով, բայց գերադասում է երկրորդ գծից գրոհել:
Նրանցից ո՞ւմ է ավելի բարդ չեզոքացնել: Նեկոյին. մեր պաշտպանության համար ամենաշատ խնդիրները հենց նա առաջացրեց, քանի որ պարբերաբար է գրոհում: Նեկոն վտանգավոր է յուրաքանչյուր մրցակցի համար, քանի որ երբեք խաղի ռիթմից դուրս չի մնում: Պահեր է ստեղծում մրցակիցների համար, ինքն է գոլեր խփում, գերազանց է իրացնում տուգանային հարվածներն ու 11 մետրանոցները»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Sport-express-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը