Փոստանջյանը դիմել է նախագահին և վարչապետին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը այսօր ՀՀ նախագահին և վարչապետին դիմում է հղել՝ խնդրելով հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները և վերացնել ՀՀԿ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի անօրինական օգտագործումը: Նամակում ասված է.
«Ս.թ. սեպտեմբերի 13-ին տիկին Փոստանջյանը պատգամավորական հարցում էր հղել ՀՀ վարչապետին՝ խնդրելով տեղեկացնել.
«1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի` քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների եւ այլն, ո՞ր տարածքներն են (տարածքի գտնվելու հասցեն) վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի` քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների եւ այլն, ո՞ր տարածքներն են վարձակալվում կամ անհատույց օգտագործվում` Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցապաստառները, դրոշները, պատկերանշանը տեղադրելու համար»:
Կառավարությունից պատասխանել էին, որ ՀՀԿ-ին տրամադրված տարածքների ցանկը՝ ըստ գտնվելու վայրի, թվով 5-են. երկուսը` Երևանում, երկուսը` Արագածոտնի մարզի Թալին ու Ծաղկահովիտ համայնքներում և մեկը` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: ՀՀ կառավարությունը իր պատասխանով հայտնել է նաև, որ ՀՀԿ-ի կողմից ցուցապաստառներ, դրոշներ, պատկերանշաններ տեղադրելու համար վարձակալված կամ անհատույց օգտագործման տրամադրված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տարածքներ չկան:
«Իրականում ՀՀԿ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի և հանրային տարածքների անօրինական օգտագործումը համատարած է և անհերքելի (տես սույն դիմումին կից լուսանկարները):
Հիմք ընդունելով վերոգրյալը` հորդորում և պահանջում եմ անհապաղ վերացնել ապօրինությունները, այլապես ստիպված եմ լինելու ծանրաբեռնել դատական համակարգը` Ձեր կողմից ղեկավարվող կուսակցության անօրինական գործունեության դեմ դատական հայց ներկայացնելով:
Միևնույն ժամանակ պատրաստակամություն եմ հայտնում անձամբ Ձեզ ուղեկցել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքեր և հանրային տարածքներ, որտեղ ՀՀԿ-ն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ ծավալել է վերոհիշյալ ապօրինի գործունեությունը»: