Պրովոկացվող մարզպետներ
Երեկ ԱԺ-ում քննարկվում էր 2013թ. պետական բյուջեով մարզերին նախատեսված գումարների հարցը: Քննարկմանը ներկա էին ՀՀ գրեթե բոլոր մարզերի ղեկավարները, բացի Սյունիքի և Շիրակի մարզպետներից:
Առաջիկա նախագահական ընտրությունների մասին փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ մարզպետներից: Ընդ որում` զարմանալին այն էր, որ մեր հարցադրումները մարզպետները որակեցին իբրև պրովոկացիա, թերևս, մոռանալով ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ընտրությունները:
Ինչևէ, հարցին, թե արդյո՞ք արդեն ստացել են գործող նախագահի համար մարզում ձայներ ապահովելու հրահանգներ, Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանը պատասխանեց.
«Ո՞վ ա նշել, ես չեմ նշել նման բան: Չէ, էլի, կոնկրետ ո՞վ, ես չեմ նշել նման բան: Հիմա խոսակցություններ կան, էսօր, օրինակ, լրագրողն ինձ ասում ա` ճի՞շտ է, որ Ձեզ աշխատանքից ազատում են: Դա ընդամենը խոսակցություն ա, որը, ցավոք, միշտ լրագրողներից եմ լսում»:
Իսկ թե ի՞նչ է պատրաստվում անել նախագահական ընտրությունների ժամանակ, Է. Բարսեղյանը պատասխանեց. «Նախագահական ընտրություններին պատրաստվում ենք մարզում ապահովել արդար և թափանցիկ ընտրություններ: Ընտրությունների մասին օրենքի տառին ու բառին համահունչ` ընտրություններ կազմակերպելու, այլ խնդիր է, թե իմ դիրքորոշումը որն է: Ես հանդիսանում եմ ՀՀԿ մարզային խորհրդի նախագահը, բնականաբար, ՀՀԿ-ի անդամների հետ միասին մենք քարոզչություն ենք անելու` ի օգուտ ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի համար»:
Իսկ հարցին, թե հստակ հրահանգ ստացե՞լ են դրա համար, Արարատի մարզպետը պատասխանեց. «Այսինքն` ի՞նչ ա նշանակում` հստակ հրահանգ: Հլը կուսակցության համագումարը կլինի, կքննարկվի այդ հարցը»: Դիտարկմանը, թե դա նշանակում է, որ մարզպետների առջև նման խնդի՞ր է դրվելու, Է. Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Չէ, դու պրովոկացիոն հարցեր ինձ չտաս, մարզպետների առջև նման խնդիր չի դրվել ու չի էլ կարող դրվել»: Նույն հարցադրումները մենք ուղղեցինք նաև Գեղարքունիքի և Լոռու մարզպետներին:
Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` մարզում «ձայներ» ապահովելու հրահանգի մասին հարցին այսպես արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում` հրահանգ: Դուք արդեն անցնում եք պրովոկացիաների: Իմ լիազորությունների շրջանակում ես փորձելու եմ իրականացնել այն գործառույթները, ինչ որ ինձ վերապահված են: Նախորդ ընտրությունները ցույց են տալիս, որ, կարծում եմ, նման միջոցառումներ պետք չի իրականացնել, ընտրությունները կկազմակերպվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում, և մեր ազգաբնակչությունը սիրով կգնա-կքվեարկի»: Հարցին, թե «նախորդ ընտրություններ» ասելով` ո՞ր ընտրությունները նկատի ունի, Ռ. Գրիգորյանը պատասխանեց. «Ցանկացած ընտրություն»:
Մեր դիտարկմանը, թե, օրինակ, Արարատի մարզպետը մեզ հետ զրույցում նշեց, որ քարոզչություն է կազմակերպելու, ինքը` որպես մարզպետ, ի՞նչ է պատրաստվելու անել, Գեղարքունիքի մարզպետն այսպես պատասխանեց. «Ո՛չ, ես իրականացնում եմ իմ` մարզպետի լիազորությունները: Դեռ նման խնդիր չկա: Դեռ չի հայտարարվել քարոզարշավը: Դա կլինի հունվարի 10-ից հետո»: Ըստ նրա` նման խնդիր դեռ չի դրվել իրենց առջև և «չի էլ դրվելու»:
Իսկ ինչո՞ւ է այդքան վստահ այս հարցում. «Ես վստահ եմ, որովհետև առաջին ընտրությունները չեն, որ մենք անցկացնում ենք, հետո մի էլ մոռացեք, որ ես, բացի մարզպետից, արդեն 10 տարի ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն եմ, և քաջ տեղյակ եմ և քաջ ծանոթ եմ բոլոր համայնքներում տիրող մթնոլորտին, ի՞նչ տրամադրվածություն ունի մեր ազգաբնակչությունը»:
Իսկ թե Լոռու ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանը հարցին, թե ի՞նչ է անելու առաջիկա նախագահական ընտրություններին` ասաց. «Քարոզչություն եմ անելու»: Ինչ վերաբերում է հրահանգներին, Ա. Նալբանդյանը նշեց. «Քանի որ ես ինքս ՀՀԿ անդամ եմ, տարածքային կազմակերպության ղեկավար, հրահանգի կարիք չունեմ»: