Բաժիններ՝

«Մեր թատրոնները ոնց որ կառավարության «մուննաթի» տակ լինեն»

Ասում է ռեժիսոր Դավիթ Հարությունյանը

Դավիթ Հարությունյանը 1999-2004թթ. սովորել է անվանի բեմադրիչ, մանկավարժ Ռաֆայել Ջրբաշյանի դպրոցում: 7 տարի շարունակ ռեժիսորը ներկայացումներ է բեմադրել մայրաքաղաքի տարբեր թատրոններում: «Ներկայացումներ եմ բեմադրել սիրիահայերի հետ, ովքեր մեծ ոգևորությամբ ընդունեցին և մասնակցեցին ներկայացումներին: Բեմադրել եմ «Մեր մեղքը» և «Արատայի առասպելը» ներկայացումները»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը: Երիտասարդ ռեժիսորը շուրջ 10 բեմադրության հեղինակ է: Նրա վերջին ներկայացումը Րաֆֆու «Խենթը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումն էր, որն արժանացավ բուռն քննարկման:

– Քո գնահատմամբ` մեր հասարակությունը թատրոն սիրո՞ւմ է:

– Ես չեմ կարող ասել, որ մեր հանրությունը թատերասեր է: Դա այդպես չէ և չի էլ եղել այդպես: Եթե նայենք 30 տարի առաջ և այսօր, իհարկե, թատրոն գնալը տոն է եղել: Վարպետության, ռեժիսուրայի դպրոցն ավելի ուժեղ է եղել այն ժամանակ, և նրանք, ովքեր կային այն ժամանակ, ուզեին թե չուզեին, ռուսական դպրոցից սովորել էին: Հիմա մենք գնալու, սովորելու հնարավորությունը չունենք: Շատ հազվադեպ ես լսում, որ ինչ-որ մեկը գնացել է ինչ-որ տեղ ինչ-որ մեկի մոտ սովորելու: Դա էլ հարց է, թե ում մոտ է գնում սովորելու: Պետական հոգածությունն էլ բավական չէ: Դերասանը մարդ է, ով ընտանիքի հացի խնդիր է հոգում: Ո՞վ է ասել, թե դերասանը տիեզերագնացի նման անտարբեր պետք է գնա, նստի ինչ-որ մի տեղ:

– Պետբյուջեից գումար չի՞ հատկացվում թատրոնին:

– Հատկացվում է: Այսօր ոչ կառավարությունը, ոչ իշխանությունը ոչ մի բան չի սիրում: Ֆուտբոլ են սիրում և շախմատ: Ֆուտբոլն էլ ինչ-որ մեկի կապրիզն է, որ նա պետք է թիմ ունենա: Ես մեկ անգամ եմ տեսել, որ մեր վարչապետը Սունդուկյանի թատրոնի օթյակում նստած «Պատերազմ և խաղաղություն» էր նայում: Այսօր մեր ամբողջ քաղաքը դարձել է ուտելու, հագնելու, զվարճանքի տեղեր: Ամոթ է:

Միլիոնանոց քաղաքում երկու գրախանութ կա: Մեր թատրոնները ոնց որ կառավարության «մուննաթի» տակ լինեն: Դրա համար բոլորն էլ գնում են Հայաստանից: Եթե ես էլ հնարավորություն ունենամ, ես էլ կգնամ: Հեռանկար չկա: Այսօր մեզ մոտ այնպիսի մարդիկ են կոչումներ ստանում, որոնք իրավունք չունեն կոչվելու ժողովրդական արտիստ: Դա ուղղակի ծիծաղելի է: Այդ կոչումներն առհասարակ պետք է հանեն: Դա սարսափելի իրարանցումների առիթ է դառնում:

– Ինչի՞ կարիք ունես դու` որպես ռեժիսոր:

– Ես կարիք ունեմ երբևէ չհիասթափվելու: Չեմ ուզում վերջնականապես հիասթափվել և թողնել այս երկիրը: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ այսօր անընդհատ աշխատանքի մեջ եմ, բայց շատերը կան, որ նման հնարավորությունից զրկված են: Դա էլ երևի իրենց մեղքով է: Շուտ են կոտրվում:

Իսկապես շատ դժվար ճանապարհ ես անցնում, որ քեզ հնարավորություն տան բեմադրություն անել: Մարդու խառնվածքի խնդիր է, կամ էլ շատերը չեն ցանկանում նման գումարի դիմաց աշխատել, մտածում են, որ իրենց աշխատանքներն ավելին արժեն, քան այդ վարձատրությունը: Բայց եթե այդպես լիներ, ես ոչ մի բան չէի անի: Ես չեմ ուզում մտնել հեռուստատեսություն: Ինձ շատ են առաջարկում հեռուստատեսության համար սցենարներ գրել, ֆիլմեր նկարահանել: Հիմա չեմ անում, բայց հետո չգիտեմ` հնարավոր է, որ գնամ:

– Նյութական խնդիրների բարելավման պատճառով կհամաձայնե՞ս գնալ հեռուստատեսություն:

– Այո, նույն դերասանները ֆինանսի համար են գնում: Ձեզ թվում է` դերասաններին դո՞ւր է գալիս այդ սցենարներով ֆիլմում նկարահանվելը: Դուք ո՞նց եք պատկերացնում, հնարավո՞ր է, որ դերասանը 120 սերիա լավ խաղա: Մենք չունեն նաև այդ դերասանական լավ ստուդիան, լավ դերասան դառնալու ստուդիան: Առաջ սունկի պես պարի խմբակներ էին բացում, հիմա` «քասթինգ» ստուդիաներ: Մեկը հարցնի` ովքե՞ր են բացում այդ ստուդիաները: Ուսուցիչը պետք է ուսանողին շատ ճիշտ քանդի և հավաքի: Դու մարդու ճակատագրերի հետ ես խաղում: Իսկ ի՞նչ է նշանակում` մարդուն կրթել: Դա նշանակում է, որ դու պետք է շատ պատրաստված, զարգացած մանկավարժ լինես:

Մանկավարժ լինելը շատ բարդ է: Դու պետք է կարողանաս իրենց ճիշտ ջրել, աճեցնել, ճիշտ խմորման տանել: Այդ դաշտը պետք է մաքրվի: Երևի պետք է շատ հեղինակային դեմքեր գան առաջ, կամ այն մարդիկ, ովքեր այս ասպարեզում կան, պետք է ավելի զարգանան և մաղվեն: Այսօր ամեն ինչ ընկերական չափանիշներում է արվում: Ես այսօր կրիտիկայի ծարավ եմ, որ ինձ ասեն` սա կարելի է, սա` ոչ: Ամեն մարդ չպետք է ընդունվի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտ:

Ուղղակի չպետք է ընդունվի: Մեր այս փոքր հանրապետությունում այդքան դաշտ չկա: Մեր տված արտադրանքն էլ դեռ տեղային է, մենք ոչինչ աշխարհ հանել չենք կարողանում, դա ֆինանսների խնդիր է: Մարդ է գալիս, ով բեմում քայլել, խոսել չգիտի, բայց ավարտել է, 5 տարի սովորել է ինստիտուտում: Նա ունի լեզվական արատ, հարցնում եմ, թե իրեն ի՞նչ են սովորեցրել, ոչինչ չգիտեն:

– Վիճակը շտկելու համար համապատասխան գերատեսչություններին չե՞ք դիմել:

– Հիմա կա մի ծրագիր, որն օժանդակում է երիտասարդ բեմադրիչներին: Բայց դա մեկանգամյա օգտագործման համար է: Ես խոսում եմ մեծ ճանապարհի մասին, որի միջով մինչև հիմա էլ ես անցնում եմ: Իսկ մեր հետևից եկողները մոլորված են: Նրանք ձգտում են շատ արագ ունենալ փառք, հարստություն, ճանաչում, դա բնական է: Եկեք սկսենք այնտեղից, թե մենք այսօր ինչ ունենք: Չգիտեմ, թե որտեղ ենք ապրում մենք: Ներկայացումներ ենք անում, որ չգիտենք, թե ինչ ճակատագիր կունենա` կվաճառվի՞, չի՞ վաճառվի: Ոնց որ բեռ լինենք: Պետք է թատրոններում կադրային փոփոխություններ լինեն, պետք է նայել, թե ով` ինչ է անում:

Այս ամենը չի իրականացվում: Շատ ոչ պիտանի դեմքեր կան թատրոններում, ինչո՞ւ են պահում իրենց: Այս ամենը շատ խորն է, եթե ոչինչ չարվի, էսպես էլ կգնա ամեն բան: Ոչ մեկին սա հետաքրքիր չէ: Միայն մի բանով` գաջով, այս ամենը փակեն, հարթեցնեն` գնա, կարծես թե ամեն ինչ շատ լավ է: Բայց այդ բացերը մի քամուց բացվելու են, և, վերջիվերջո, մենք հո այդ բացերի մասին գիտե՞նք: Մենք նախարարությանը դիմում ենք, ասում են` այո՛, հետաքրքիր է, կմտածենք, բայց ոչ մի լուրջ քայլ չի արվում: Ես չեմ հավատում, որ Հայաստանն անկարող ուժ է:

Մարզերի թատրոնները զոռով են շնչում: Ինձ էլ էին ասում` գնա այսինչ տեղում գեղարվեստական ղեկավար դարձի: Իրենց ուսանողներն են գալիս այստեղ ու հետ չեն վերադառնում, ես ո՞ւր գնամ: Ինչի՞ իրենք իրենց մոտ չեն աճեցնում մասնագետների: Ես ընդհանրապես Հայաստանից գնալու մտադրություն ունեմ, ի՞նչ Ղափանի կամ Գորիսի մասին է խոսքը: Մարդիկ այնտեղ մի կերպ հացի խնդիր են լուծում, ես չգիտեմ` թատրոններն այնտեղ ինչին են պետք:

– Ի՞նչ են անում Երևանի թատրոնները:

– Գումարով է ամեն ինչ չափվում: Ուզում եք ձեզ հետ «գրազ գամ», որ եթե ես մի լավ օր ունենամ 10.000 դոլար, ցանկացած թատրոնում կանեմ այն ներկայացումը, որը կցանկանամ` անկախ բովանդակությունից:

– Իսկ ի՞նչ արժի այսօր թատրոնում միջին ներկայացում բեմադրելը:

– Միջինը 2-3 մլն դրամ: Եթե մի քիչ ավելի մասշտաբային ներկայացում է, շատ զգեստներ, դեկորներ պետք է լինեն` 8-11 մլն դրամ: Եղել են, անում են աշխատանքներ: Աշխատանքներ կան, որ ինչ-որ բան են թողնում, աշխատանքներ էլ կան, որ անցնում են անհիշատակ: Թատերական խմբեր կան, որ չգիտես` ինչի համար են:

– Ի՞նչ եք կարծում, հանդիսատեսը հասկանո՞ւմ է այդ ամենը:

– Հանդիսատեսն ամեն ինչ էլ հասկանում է: Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Մեզ մոտ վատն այն է, որ լավ բան դիտողներն են քիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս