«Դուք տասներկու տարի սխալվում եք»

168.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը

– Դուք լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեցիք, թե Ձեր պաշտոնանկության մասին լուրերը սուտ են: Չե՞ք վախենում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ կուսակցության անդամ Վարդան Ղուկասյանի նախադեպը կարող է շարունակվել:

– Իրական կյանքում բացառված չէ: Նախ` պիտի իմանաք, որ մարզպետները պաշտոնները ժառանգություն չեն ստանում: Ես արդեն պաշտոնավարում եմ 12 տարի՝ բավականին լուրջ ժամանակահատված: Ոչինչ բացառված չէ, բայց Դուք շտապում եք: Ինչո՞ւ: Այ, դա չեմ հասկանում: Դուք տասներկու տարի սխալվում եք: Անընդհատ ասում եք՝ Կոտայքի մարզպետին պաշտոնանկ են անելու վաղը չէ մյուս օրը, բայց Կոտայքի մարզպետը շարունակում է պաշտոնավարել: Խելացի մարդիկ ուրիշների սխալներից են օգտվում, մի քիչ խելացիները` գոնե իրենց սխալներից: Իսկ առանձնապես խելացիությունից հեռու մարդիկ իրենց սխալներից էլ չեն կարողանում օգտվել:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, թե մամուլն ուղղվածություն ունի՞ Ձեր նկատմամբ:

– Այդ հետևությունը թողնում եմ Ձեզ: Մամուլը չէ, մամուլի որոշ ներկայացուցիչներ, ինչո՞ւ մամուլը:

– Եվ ինչո՞ւ :

– Տեսքս դուր ա գալիս, ես էլ իրանց համար անհասանելի եմ՝ դրա համար:

– Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ անհասանելի եք:

– Դա արդեն առանձին խոսակցության թեմա է  (ծիծաղում է,- Մ.Մ.):

– Իսկ Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման հարցն ի՞նչ փուլում է:

– Լավ, թողեք այսօր բյուջեն ավարտենք… Հրազդանի երկաթի հանքը դեռևս չի շահագործվում: Ընդեղ տեխնիկական խնդիրներ կան: Մենք հանք շահագործողների առջև խնդիր ենք դրել, որ պիտի այնպիսի նախագիծ ներկայացնեն, որ երկրի բնապահպանությանը որևէ վնաս չպատճառի: Եթե իրենք կներկայացնեն, այդ նախագիծը քննարկման կդրվի:

– Դուք՝ որպես մարզպետ, փորձե՞լ եք միջամտել այս հարցին: Հանքավայրը Հրազդան քաղաքին բավական մոտ է գտնվում:

– Իմ ասածը դրան էր վերաբերում, որ մենք նույնիսկ  առաջարկել ենք պոչամբարների տարածքը տեղափոխել, որովհետև շատ մոտ է քաղաքին, և, բնականաբար, պետք է համաձայնվեն: Մենք իրանց առջև լուրջ տեխնիկական խնդիրներ ենք դրել, եթե իրանք տեխնիկական խնդիրները չլուծեն` հանքը  չի շահագործվելու:

– Այնուամենայնիվ, նախագահական ընտրությունները մոտ են, և բոլոր ՀՀԿ-ական մարզպետների առջև խնդիր է դրվել՝ սատարել գործող նախագահին, ապահովել ձայներ: Արդյոք Ձեր տասներկու տարիների պաշտոնավարումը պայմանավորվա՞ծ է նրանով, որ միշտ Ձեր ղեկավարած մարզում Դուք եք իշխող կուսակցության համար ձայներ ապահովող ուժը: Եվ դա՞ է պատճառը, որ հերքում եք Ձեր պաշտոնանկության լուրերը:

– Էդ էնքան ծավալուն թեմա ա, մի օր հատուկ կգաք, կամ կհրավիրեք` կգամ, կխոսեմ, ու կտեսնեք, որ միշտ չէ, որ էդպես է:

– Իսկ եթե համառո՞տ…

– Համառոտ չի լինի պատասխանել:

– Այսինքն՝ ոչ հերքում եք, ոչ էլ հաստատում եք:

– Ենթադրություններ մի արեք: Ի՞նչը չհերքեցի: Ես առաջարկություն արեցի, կարծում եմ՝ ընկալեցիք առաջարկության իմաստը:

 

Տեսանյութեր

Լրահոս