«Այս իշխանություններն իրենց նախորդների նման տապալվել են». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե գործող նախագահը 2013 թվականի նախագահական ընտրություններում չունի մրցակիցներ: Ներկայացնում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը.

«Այսօր Հովիկ Աբրահամյանը, ով պատիվ էր արել գործող նախագահի փոխարեն իմ նամակին վերջապես, թեկուզ հռետորաբար, պատասխանել, հայտարարեց, թե պարոն Սարգսյանը չունի մրցունակ այլընտրանք: Նրա այդ ցանկությունն ինքնին մատնում է, որ այս իշխանություններն իրենց նախորդների նման տապալվել են: Ցանկացած պետություն և իշխանություն պիտի ունենան այլընտրանք` երկրի ու նրա քաղաքացիների գերակա շահից ելնելով:

Իհարկե` եթե իշխող կուսակցապետերն ու շտաբի պետերը նախորդների օրինակով առաջիկա ընտրությունները «վարեն» իրենց հակասահմանադրական մեղսագործություններով` մեծ փողեր, նյութական այլ արժեքներ բաժանելով` որպես կաշառք, համայնքապետերին ստիպելով ու սպառնալով, հարյուրավոր պետական շենքեր օգտագործելով նեղ կուսակցական նպատակների համար, շահագործելով մեր դպրոցների, հիվանդանոցների, հանրային այլ հաստատությունների աշխատակազմերին (անգամ` աշակերտներին եւ ուսանողներին), մեր հպարտության ակունք հանդիսացող զինվորներին` սովորական մյուս իրավախախտ խմբերի հանգույն, ուղարկելով դեպի պարտադիր ու բազմակի քվեարկության եւ այլն, ապա, իհարկե, գործող անայլընտրանքը «լուրջ» մրցակից չի ունենա:

Իրապես ազատ և արդար ընտրության դեպքում, սակայն, իրականությունն այլ կլինի. Հայաստանը կունենա ժողովրդին պատկանող մրցակիցներ, կունենա և’ նոր նախագահ, և’ արժանապատիվ քաղաքացի, և’ ամուր պետություն ու շենշող ապագա:

Թող սեփական մեղքերը չթաքցնեն: Իսկ եթե չեն վախենում իսկական մրցակցությունից` համապատասխան քայլեր անելու պահը հիմա է:

Մեր հայրենիքի վաղվա օրը մեր ժողովրդի ձեռքում է և նրա կամքի մեջ: Մենք, ի վերջո, ուզո՞ւմ ենք մեր խոսքն ու գործը մեկ անել:

Ուրիշ տեղ չնայենք»:

Տեսանյութեր

Լրահոս