Անցքեր, որոնք փոխում են մարդկանց կյանքը
Անցած մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրար հետևից տեղի ունեցան բողոքի մի քանի ակցիաներ: Նախ` հոկտեմբերի 22-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարեցին 4 դատապարտյալներ` բողոքելով իրենց նկատմամբ կայացված վճռի և, ընդհանրապես, կալանավայրում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բողոքի այս ակցիան սահմռկեցուցիչ էր նրանով, որ դատապարտյալներից մեկը կտրել էր իր ճկույթը և, կրկին ի նշան բողոքի` ուղարկել էր henaran.am կայքի խմբագրություն:
Նախօրեին էլ տեղեկություն ստացվեց այն մասին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում բանտարկյալ Հայկ Գալստյանը հայտարարել է հացադուլ` կարելով աչքերը: «Պատճառը Քրեակատարողական վարչության բարձրաստիճան աշխատակիցների վերաբերմունքն է: Ես իմ դիմումում մանրամասները չեմ ներկայացնում, ուղղակի մի բան եմ հասկանում, որ ՀՀ նախագահի կողմից կա ցուցում՝ հրատապ կերպով ինձ տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ»,– գրել էր բանտարկյալը:
Պայթյունավտանգ իրավիճակ է նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ կալանավայրում բողոքի ալիք է հասունանում, կալանավորները դժգոհում են ՔԿՀ-ի պայմաններից և պատրաստվում են հացադուլի: Տարբեր աղբյուրների համաձայն, այդ կալանավայրում սրվել են հակասությունները երկու քրեական հեղինակությունների միջև, որոնք մյուսներին հացադուլի դրդելով` փորձում են իրենց ներքին խնդիրները լուծել:
Առանձին քրեակատարողական հիմնարկներում յուրաքանչյուր առանձին միջադեպ, բնականաբար, իր դրդապատճառներն ունի: Բնականաբար, վերը նշված մի քանի դեպքերը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակի ամբողջական պատկերը չեն արտացոլում: Այդ ոլորտին մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ իրականում շատ ՔԿՀ-ներում իրավիճակը շատ ավելի անմխիթար է, տեղի են ունենում խոշտանգումներ, կալանավորները պահվում են անմարդկային պայմաններում: Մի խոսքով, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը, մեղմ ասած, մխիթարական չէ:
Մի կողմից՝ դա կարելի է օրինաչափ համարել, քանի որ, լայն իմաստով, նույն իրավիճակում են գտնվում Հայաստանի գրեթե բոլոր համակարգերն ու ենթահամակարգերը: Երբ օրգանիզմը հիվանդ է, առանձին վերցրած օրգանները չեն կարող նորմալ կենսագործունեություն ապահովել, ապահովելու դեպքում էլ, միևնույն է` օրգանիզմի ընդհանուր իրավիճակը չի փոխվում: Այս մոտեցմամբ է, մեծ հաշվով, քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին վերաբերվում իշխանությունը:
Իրականում քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը և վերջին շրջանում հաճախակիացած բողոքի ակցիաները պետք է դիտարկել երկու ասպեկտով` ՔԿՀ-ներում տիրող պայմանները և հարցի քաղաքական կողմը:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրավիճակն իսկապես գրեթե անմարդկային է:
Այդ մասին իշխանությունը, բնականաբար, չի խոսում, իշխանական հեռուստատեսային ռեպորտաժներում ցուցադրվում են միայն «օրինակելի» բանտախցերը: Սակայն այդ ոլորտի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած մեկը կհաստատի, որ ամեն օր իրավիճակը մոտենում է սահմանայինին: Նախ` ամենամեծ խնդիրը քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունն է, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են նաև այս ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչները:
Բազմաթիվ ՔԿՀ-ներում կալանավորների խտությունը հասել է այն աստիճանի, որ նրանք հերթով են քնում. 4-5 կալանավորի «հասնում» է ընդամենը մեկ մահճակալ: Բնականաբար, գերհագեցվածությունն ավելի վատ դրսևորումներով արտահայտվում է նաև կալանավորների սննդի, հիգիենայի պայմանների վրա: Մի խոսքով, կալանավայրերը ներկայումս վերածվել են «բիրիքով մարդ փակելու» վայրերի: Գուցե արտահայտությունը կոպիտ է հնչում, սակայն հենց այդպես են մեր իրավապահ մարմիններն ու դատական համակարգի ներկայացուցիչները վերաբերվում կալանավայրերին:
Բնականաբար, սա, բացի տեխնիկական խնդիր լինելուց, առաջին հերթին՝ դատական համակարգի խայտառակ վիճակի մասին վկայող ապացույցներից մեկն է: Մեր դատարանները, ինչպես հայտնի է, հիմնականում վճիռներ են կայացնում ոչ թե արդարությունը վերականգնելու կամ իրական հանցագործներին պատժելու, այլ՝ կամ իշխանության համար անհաճո մարդկանց ազատազրկելու, կամ էլ, եթե չկա քաղաքական պատվեր, «փող աշխատելու» մղումով:
Այդ մասին, ըստ էության, նախօրեին բացեիբաց հայտարարեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը` իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ: Այսինքն` դատարաններն աշխատում են «Որքան շատ դատապարտվող՝ այնքան շատ փող» սկզբունքով: ՔԿՀ-ները դառնում են ոչ թե հանցագործների համար ուղղիչ-դաստիարակչական նշանակություն ունեցող հաստատություններ (որոնց նպատակը պետք է լինի հանցագործին պատիժը կրելուց հետո հասարակություն վերադարձնելը), այլ մարդկանց «պահելու» վայրեր:
Ի դեպ, հետաքրքիր է, որ մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքի ակցիաներ չեն անցկացնում Արդարադատության նախարարության շենքի, ՔԿՀ վարչության առջև, չեն պահանջում ոչ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ոչ էլ ՔԿՀՎ պետ Հայկ Հարությունյանի հրաժարականը: Հրայր Թովմասյանն էլ իր պոետիկ անգործությամբ զբաղվում է պաշտոնյաների ազգականներին նոտար դարձնելով, նոտարական պուրակներ է բացում:
Արդյունքում՝ «պարկեշտ ու առաքինի նախարարի» անհիմն համարում ստացած այս երիտասարդի մոտ բոլոր հատկություններից ամենաարագը զարգանում է ցինիզմը: Օրինակ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ` անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում արձանագրված վերը նշված դեպքերին, Թովմասյանը, ոչ ավել, ոչ պակաս՝ ասել է. «Աչքն ու բերանը կարելը նրանց համար արդեն սովորական բան է, ասենք, այնպես, որ աղջիկներն ականջօղեր են կախում, այդ անցքերը նրանց մոտ կան»:
Ականջօղերի անցքերի վերաբերյալ նախարարի գիտելիքներն, իհարկե, այլևս զարմանք չեն առաջացնում: Բայց զզվելի է, երբ անմեղսունակության հասնող անտարբերությամբ՝ մարդը մեկ ուրիշ մարդու ողբերգության մասին խոսում է նման համեմատություններով: Թե ինչ հոգեվիճակում կարող է կալանավորը դիմել ճկույթը կտրելու կամ աչքը կարելու քայլին, Հրայր Թովմասյանն, իհարկե, չի կարող հասկանալ:
Հաշվի առնելով ականջօղերի անցքերի մասին նրա իմացությունը, Թովմասյանն ակնհայտորեն հետաքրքրվում է ոչ թե հոգեբանությամբ, այլ միանգամայն այլ երևույթներով: Խնդիրը, սակայն, այն է, որ իրականում Թովմասյանն արտահայտում է մարդու, այդ թվում՝ կալանավորի նկատմամբ այն վերաբերմունքը, որն առկա է Հայաստանի իշխանական համակարգում: Կալանավորներն իշխանությունների ու Հրայր Թովմասյանի համար ոչ թե մարդիկ են, այլ «վիճակագրական ցուցանիշներ», որոնց շնորհիվ միջազգային կազմակերպություններից միլիոնավոր դոլարներ են ստանում, որոնց «պայմանները բարելավելու համար» օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր են գրում:
Քրեակատարողական հիմնարկներում վերջին օրերին արձանագրված միջադեպերը, դրանց մասսայականացումը ստիպում են առնվազն համեմատություններ կատարել հարևան Վրաստանում անցած ամիս կատարվածի հետ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած քաղաքական ուժը, Վրաստանի իշխանությունը, մեծ հաշվով, ընտրություններում պարտվեց հենց հայտնի բանտային սկանդալի պատճառով:
Իհարկե, վրացական բանտերում տեղի ունեցած բռնությունների, կալանավորներին սեռական ոտնձգության ենթարկելու դեպքերն ու Հայաստանի ՔԿՀ-ներում վերջին օրերին արձանագրված բողոքի ակցիաներն ուղղակիորեն համեմատելի չեն: Սակայն որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Հայաստանի ՔԿՀ-ներում ևս կարող են նման դեպքեր տեղի ունենալ, որոնք, ի դեպ, կարող են նաև ձայնագրված ու տեսագրված լինել, ինչպես Վրաստանի պարագայում:
Ինչո՞ւ են հենց այս օրերին, նախագահական ընտրություններից ընդամենը երկու-երեք ամիս առաջ հաճախակիացել բանտերի վիճակի վերաբերյալ բարձրաձայնումները, ո՞ւմ կարող է դա ձեռնտու լինել: «Բանտային բունտը», ինչպես հայտնի է, բոլոր տեսակի ընդվզումներից ամենավտանգավորն է: Առաջին հերթին՝ գործող իշխանությունների համար: Կալանավայրերում գտնվող մի քանի հազար բանտարկյալները, առնվազն նրանց մի մասը, հանցավոր աշխարհում «շրջապատ ունեցող» մարդիկ են, ունեն հարազատներ, բարեկամներ:
Այսինքն` «բանտային բունտը» գեներացվելու դեպքում կարող է փողոց հանել առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ: Քանի որ Վրաստանի դեպքերը դեռ թարմ են, այդ հեռանկարը կարող է գրավիչ դառնալ նաև Հայաստանում իշխանության դեմ կամ իշխանության համար պայքարողների համար: ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ներկայիս պայմաններում, բնականաբար, նման հեռանկարը կարող է ձեռնտու լինել առաջին հերթին՝ «Բարգավաճ Հայաստանին»:
Բնականաբար, դա ապացուցող որևէ փաստ չկա: Պարզապես կարող ենք արձանագրել, որ ՔԿՀՎ պետ Հայկ Հարությունյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի կադրերից մեկը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների մի մասն էլ վերջին շրջանում տարբեր հանձնաժողովների կազմում այցելում է քրեակատարողական հիմնարկներ` ծանոթանալու կալանավորների պայմաններին ու նրանց իրավունքների ոտնահարման դեպքերին: Ասվածը չի նշանակում, թե բանտերում կատարվողը միանշանակ կազմակերպված գործընթաց է, ամենևին:
Պարզապես հայաստանյան քաղաքական կյանքի կուլիսային բնույթը ստիպում է նման դեպքերում քննարկել հնարավոր վարկածները: «Ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել» հարցը սովորաբար ակտուալ է դառնում հենց նման պայմաններում, երբ բոլորը պայքարում են բոլորի դեմ, երբ քաղաքականության փոխարեն՝ գործում են «մուտիլովկաներն» ու ներքին խարդավանքները: