Դատապարտվեցին ազատազրկման` առանձնապես խոշոր չափերի յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանին առանձնապես խոշոր չափերի յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ և նույն ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալ Ս. Սարգսյանին, ինչպես նաև Ա. Խաչատրյանին, Արմինե և Արման Գրիգորյաններին, Ս. Դանիելյանին առանձնապես խոշոր չափերի յուրացմանը օժանդակելու համար առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանը, ով միաժամանակ հանդիսացել է նաև «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահը, 2003-2009 թթ. ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջոցով շուրջ 1 մլրդ դրամ փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվի հաշիվներին, այնուհետև կանխիկացրել է և յուրացրել:
Դատավճռի համաձայն՝ հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Գրիգորյանը կատարել է կեղծիքներ` փոխանցված գումարները ձևակերպելով որպես ԱԱՀ կանխավճարներ, այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների միջոցով ծախսագրել է: Նշված ժամանակահատվածում Ա. Գրիգորյանը առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու դիտավորությամբ պարբերաբար կազմել է 348 հատ վճարման կեղծ հանձնարարագիր, որոնց հիման վրա «Հայինկասացիա» ՓԲԸ-ի հաշվարկային հաշվից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, «Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցել է 947.704.500 դրամ ընդհանուր գումար:
Վճարման հանձնարարագրերից 24-ը մի շարք այլ փաստաթղթերի հետ ներկայացրել է «Հայինկասացիա» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Վ. Գրիշյանի, իսկ 23-ը` վերջինիս տեղակալ Ռ. Սիմոնյանի հաստատմանը, ովքեր պատշաճ հսկողություն չիրականացնելով և վստահելով իրենց գործընկերուհուն, միաժամանակ չիմանալով Ա. Գրիգորյանի իրական նպատակների մասին` ստորագրել են ներկայացված փաստաթղթերը: Մնացած վճարման հանձնարարագրերում Ա. Գրիգորյանը կեղծել է Վ. Գրիշյանի կամ Ռ. Սիմոնյանի ստորագրությունները, իսկ 2008թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նրա հանձնարարությամբ ևս 8 հանձնարարագրերում տնօրենի ստորագրությունները կեղծել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի տեղակալ Ս. Սարգսյանը:
Առանձնապես խոշոր չափի` 937.579.600 դրամ ընդհանուր գումարի հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Գրիգորյանը կատարել է այլ կեղծիքներ ևս: Մասնավորապես` փոխանցված գումարները հաշվապահորեն ձևակերպել է որպես ԱԱՀ կանխավճարներ, այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների և հաշվապահական ձևակերպումների միջոցով ծախսագրել է:
«Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցված գումարները կանխիկացնելու և յուրացնելու նպատակով Ա. Գրիգորյանը, կեղծելով նաև կոոպերատիվի նախագահ Ժ.Պապիկյանի ստորագրությունը, կազմել է կոոպերատիվի 247 հատ դրամարկղային կտրոն, որոնք հանձնելով Ս. Սարգսյանին, հաշվապահ-գանձապահ Ա. Խաչատրյանին, անձնակազմի կառավարման և անվտանգության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, իր եղբոր դուստր Ա.Գրիգորյանին, իր եղբորորդի Ա. Գրիգորյանին և ամուսնուն` Ս.Դանիելյանին, ինչպես նաև գործընկերուհի Լ. Հակոբյանին, վերջիններիս միջոցով կանխիկացրել և հափշտակել է ընդհանուր առմամբ 930.230.500 դրամ գումար:
Մեկ տարի 7 ամիս տևած դատաքննության արդյունքում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի` 2012թ. հոկտեմբերի 25-ի դատավճռով Ա. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 9 տարի ժամկետով, Ս. Սարգսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման` 7 տարի ժամկետով, իսկ Ա. Խաչատրյանը, Արմեն և Արմինե Գրիգորյանները և Ս. Դանիելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 4-ական տարի ժամկետով:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: