«Էլի լավ է՝ տորթով ու շամպայնով չէին գնացել»
ՀՀԿ երիտասարդական թևի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նաիրի Հունանյանին այցելած իր գործընկեր պատգամավորներին: Ավագյանը մասնավորպես գրել է.
«Էլի լավ է՝ տորթով ու շամպայնով չէին գնացել:
Ցնցված և վրդովված եմ այն հանգամանքից, երբ իմացա՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի որոշ անդամներ հոկտեմբերի 26-ին այցելել են Նաիրի Հունանյանին։
Էլի լավ է, որ տորթով ու շամպայնով չէին գնացել, որովհետև այդ պարագայում գուցե վերոհիշյալ հանձնաժողովն ավելի «պուպուշ» կերևար եվրոպական կառույցների աչքերին։ Այս ի՞նչ մոտեցում է։
Ոմանք սկսել են հոգատարություն ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր գնդակահարեցին մեր պետականության խորհրդանիշները, ովքեր սպանեցին սպարապետին, խորհրդարանի խոսնակին, պատգամավորների, նախարարի։ Մի քանի րոպեում գլխատվեց Հայաստանը, անասելի հարված հասցվեց մեր երիտասարդ պետականությանը։ Նաիրի Հունանյանն ու իր հանցախումբը գրեցին Հայաստանի նորագույն պատմության ամենադաժան ու անմարդկային էջը։
Ու այդ ոճրագործի որպիսությամբ հետաքրքրվող մարդիկ հաջորդ իսկ օրը՝ հոկտեմբերի 27-ին, խորհրդարանի բակում անվրդով ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Իսկ գուցե պետք էր, Սաֆարովի՞ն էլ այցելել կալանավայր»:
Ավելի ուշ Կարեն Ավագյանը թեմայի շուրջ հանդես եկավ ևս մեկ գրառմամբ. «Իմաստ չեմ տեսնում մեկնաբանել այն պատճառաբանություններն ու արդարացումները, որ բերում են որոշ պատգամավորներ Նաիրի Հունանյանին այցելելու կապակցությամբ։ Եթե այդ պատճառաբանություններն ու արդարացումները հիմնավոր լինեին, Հունանյանի հետ կհանդիպեր նաև Նաիրա Զոհրաբյանը, ով նույնպես կալանավայր այցելողների մեջ էր»:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 26-ին ԱԺ մի քանի պատգամավորներ այցելություն էին կազմակերպել Երևանի քրեակատարողական հիմնարկներով՝ պարզելու կալանավորների կենցաղային պայմաններն ու ճշտելու` արդյո՞ք նրանք ենթարկվում են կտտանքների, թե՞ ոչ: Սակայն որոշ պատգամավորներ ցանկություն էին հայտնել այցելել նաև Նաիրի Հունանյանին: