Բաժիններ՝

Գյումրիում առաջին անգամ ԲարՔեմփ չկոնֆերանս է անցկացվելու

Նոյեմբերի 10-ին Գյումրիում առաջին անգամ անցկացվելու է ԲարՔեմփ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին, համացանցին և նոր մեդիաներին առնչվող միջազգային ֆորմատի չկոնֆերանս, որը մեկ հարկի տակ է հավաքելու Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչներին` ծրագրավորողներին, ինտերնետային մարքետինգի և դիզայնի մասնագետներին, բլոգերներին, լրագրողներին, առցանց հրատարակիչներին: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են «Գյումրու տնտեսական զարգացման» հիմնադրամից:

Սովորաբար Barcamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները: Այն մասնակիցների կողմից կազմակերպվող ոչ-ֆորմալ կոնֆերանսների միջազգային ցանց է: Միջոցառման փիլիսոփայությունը այն է, որ չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են բերում ներկայացվելիք թեմաներն ու նյութերը, իրենք զեկուցումներն անում և քննարկում դրանք:

Ծրագրի նպատակն է՝ Գյումրիում բարձրացնել էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները, նպաստել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը՝ անհատների և կազմակերպությունների փոխգործակցության, մասնագիտական զարգացման միջոցներով, և այլն:

Ծրագրի պաշտոնական բացումը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին, ժամը 10:00-ին՝ Գյումրիի տեխնոպարկի վերակառուցվող հիմնական շենքում, որին կհաջորդեն մասնակիցների պրեզենտացիաները՝ «ԿԱԶԱ» Գյումրիի կենտրոնում: Ներկայացվելու են Ինտերնետի և հարակից ոլորտների տեխնոլոգիաները, կազմակերպվելու են քննարկումներ, անցկացվելու է նորարարական գաղափարների տոնավաճառ, հնարավորություն է ստեղծվելու աշխատանքային կապեր հաստատել ոլորտի մասնագետների հետ: «Բարքեմփ Գյումրի 2012»-ի նախաձեռնող խումբն ակնկալում է շուրջ 200 մասնակցի ներկայություն:

Նշենք, որ միջոցառման գործընկերներն են «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը» (GEDF) և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը (KASA):

Հավելենք, որ առաջին Barcamp-ն անցկացվել է Փալո Ալթոյում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, 2005թ.,  Socialtext-ի գրասենյակում (Silicon Valley-ում): Հայաստանում «Barcamp Երևանը» առաջին անգամ անցկացվել է 2009թ.: Առաջին «Barcamp Արցախը» անցկացվել է 2010թ.:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս