«Օպելը» բախվել է ընթացող շոգեքարշին. կա չորս վիրավոր և մեկ զոհ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արտեմի գյուղի բնակիչ, 41-ամյա Մնացական Թորոսյանը, վարելով «Օպել» մակնիշի 30 ՏՏ 375 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ընթացող շոգեքարշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ Մ. Թորոսյանը և ուղևորներ՝ Արտեմի գյուղի բնակիչներ 52-ամյա Ժիրայր Եսայանը, 19-ամյա Զարուհի Եսայանը, 44-ամյա Նունե Թադևոսյանը և Մարինե Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Նունե Թադևոսյանին տեղափոխել են Արտեմիի բժշկական կենտրոն, և մինչ կտեղափոխեին հիվանդանոց՝ մահացել է: Մնացած վիրավորները տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Shamshyan.com