Բաժիններ՝

Ամուսնության նվազագույն տարիքը` 18 և բարձր, իսկ լավագույնը` 23-27

Մասնագիտական գրականության և գոյություն ունեցող տվյալների համաձայն, մի շարք նկատառումներով ամուսնության լավագույն տարիքը 23-ից 27-ն է, երբ զույգն ունի կենսաբանական փորձ, կենսաբանորեն և հոգեբանորեն պատրաստ է ընտանիք կազմելուն, ծնող դառնալուն, երբ ամուսնացողները հասցրել են կրթություն ստանալ և սոցիալական որոշակի նախապայմաններ ստեղծել:

Այս մասին «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

Ըստ նրա, ամուսնության տարիքի նվազագույն շեմը տարբեր երկրներում տարբեր է: Եվրոպական գրեթե բոլոր երկրներում թե’ կանանց, թե’ տղամարդկանց համար հաստատված է 18 տարին: Ավելի ցածր տարիքում` 16 կամ 17 տարեկանում, ամուսնանանլու համար անհրաժեշտ է ստանալ ծնողների համաձայնությունը կամ ավելի նվազ տարիքում` դատարանի համապատասխան որոշումը:

Ռ. Աբրահամյանի մատուցմամբ, Հայաստանում կանանց և տղամարդկանց համար ամուսնության կնքման համար միևնույն տարիքային չափանիշի, այն է` 18 տարեկան տարիքի հասնելը, սահմանման առաջարկը բժշկական առումով արադարացված է նրանով, որ կինը մայությանը կենսաբանորեն պատրաստ է դառնում 18 և ավելի բարձր տարիքում: Այդ տարիքում է ավարտվում աղջիկների վերարտադրողական համակարգի, վերարտադրողական օրգանների, այդ թվում` ոսկրային կոնքի, ձևավորումը:

«Հենց օրգանիզմի կենսաբանորեն ոչ լիարժեք պատրաստվածության պատճառով 18 տարեկանից ցածր դեռահաս աղջիկների շրջանում բարձր են հղիության և ծննդաբերության բարդությունները»,- ասել է նա` հավելելով, որ  այդ տարիքում շատերը հոգեբանորեն դեռևս պատրաստ չեն: «Վաղ ամուսնությունը խոչընդոտում է դեռահաս կնոջ կրթության, մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը, իսկ, ինչպես հայտնի է, ցածր կրթական մակարդակ ունեցող մայրերի շրջանում բարձր է նրանց երեխաների հիվանդագությունն ու մահացությունը` կապված երեխայի լիարժեք խնամքի և հսկողության մասին գիտելիքների և հմտությունների պակասի հետ»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս