Բաժիններ՝

Նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին

ՀՀ փոխվարչապետ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ. ինն ամսվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժինը, ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գնդոյանը,  մասնավորապես,  անդրադարձել է  ՊՈԱԿ-ի  կողմից հարկային պարտավորությունների  կատարմանը: Արձանագրվել է, որ գործընթացում նկատվել են թերություններ, որոնք  պետք է վերացվեն: Փոխվարչապետը ՊՈԱԿ-ի ղեկավարին առաջարկել  է պատասխանատվության ենթարկել այն աշխատակիցներին, որոնք պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները:

Անդրադարձ է եղել նաև Սևանա լճի ափամերձ տարածքների հանրային լողափեր այցելությունների արդյունքներին: Արձանագրվել է, որ թեև տասնմեկ նման լողափ է գործում, սակայն առկա է մեծ պահանջարկ, և քննարկվել է առաջիկա տարիներին դրանց թիվն ավելացնելու հնարավորությունը:

Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը տեղեկություններ  է ներկայացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում անտառահատումների վերաբերյալ: Նշվել է, որ ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում խնդիրներ են բացահայտվել, որոնց հետ կապված նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին:

Սևանա լճի  ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների առնչությամբ նշվել է, որ մրցույթը նոր  ընկերություն է շահել, որն արդեն ձեռնամուխ է եղել պարտավորությունների կատարմանը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս