
Ասպիրինի ընդունումը լավացնում է հաստ աղու քաղցկեղ ունեցողների վիճակը

Ավելի քան մեկ տասնամյակ տարբեր հետազոտություններ պնդում են, որ ասպիրինի օգտագործումը լավացնում է քաղցկեղով հիվանդների վիճակը: Սակայն պարզ չէ՝ քաղցկեղի ո՞ր տեսակի մասին է խոսքը: Ինչպես հայտնում է CNN-ը, այժմ նոր հետազոտության հեղինակները նշում են, որ ասպիրինի օգտագործումը երկարացնում է հաստ աղու քաղցկեղ ունեցող մարդկանց կյանքը: Հետազոտությունն իրականացրել են Բոստոնի Dana-Farber քաղցկեղի ինստիտուտի գիտնականները: Վերջիններս հետևել են հաստ աղու քաղցկեղով հիվանդ 964 մարդկանց առողջությանն ու պարզել, որ ասպիրին ընդունող հիվանդ անձինք անհամեմատ երկար են ապրել:
Հետազոտության հեղինակները նշում են, որ չնայած այս արդյունքներն ուրախացնող են, այնուամենայնիվ, դրանք ավելի մեծ հետազոտության ընթացքում ճշտելու անհրաժեշտություն կա:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2008-ին հաստ աղու քաղցկեղն ամբողջ աշխարհում 608 000 մարդու մահվան պատճառ է դարձել: