
Հաղթել է գործող գյուղապետը

Արմավիրի մարզի Խորոնք գյուղական համայնքում հոկտեմբերի 28-ին կայացած գյուղապետի նոր ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է գործող գյուղապետ, հանրապետական Սարգիս Նահապետյանը: Նա ստացել է 815, իսկ նրա մրցակիցը` Վաղարշապատի արհեստագործական ուսումնարանի ֆիզղեկ, հանրապետական Արայիկ Աբասյանը` 666 քվե:
Համայնքի 1 976 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1 503-ը: 22 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, բողոքարկման համար սահմանված վերջնաժամկետի ավարտից` ժամը 18-ից, հինգ րոպե առաջ որևէ դիմում-բողոք չէր ներկայացվել:
Հիշեցնենք, որ այս համայնքում սեպտեմբերի 9-ին անցկացվել էին գյուղապետի հերթական ընտրություններ, որոնց արդյունքներով քվեարկված նույն թեկնածուները ստացել էին 662-ական քվե:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքի համաձայն, հավասար քվեների դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացրել էր վիճակահանություն: Վերջինի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն, ըստ երկու թեկնածուների միջև ձեռք բերված նախնական համաձայնության, հրաժարական էր ներկայացրել, ուստի Խորոնքում նշանակվել էին նոր ընտրություններ: