«Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածը դատարանում հերքվել է»

Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածը դատարանում հերքվել է. «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Նազարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Մուշեղ Շուշանյանը` անհրաժեշտ համարելով, որպեսզի դատարանը գործը նոր քննության վերադարձնելու որոշում կայացնի:

«Դատարանում բազմաթիվ խախտումների, հանցանքների մասին փաստեր են բացահայտվել: Այս պահի դրությամբ արդեն բոլոր հիմքերը կան ասելու, որ նախաքննության մարմնի վարկածն ամբողջությամբ հերքված է: Դատարանը հիմա մի ճանապարհ ունի` պետք է միջնորդությամբ հանդես գա դատախազության առջև Արտակ Նազարյանի սպանության գործով նոր քրեական գործ հարուցելու»,- հայտարարել է Շուշանյանը:

Ռադիոկայանի փոխանցմամբ` փաստաբանի և զոհվածի իրավահաջորդների համոզմամբ` վկաների նախաքննական ցուցմունքները պետք է «անթույլատրելի ապացույցներ» ճանաչվեն, քանի որ դատաքննության ընթացքում պարզվել է, որ դրանք կորզվել են «ապօրինի»:

Նաև երկու ամբաստանյալներն են դատարանի դահլիճում հրաժարվել իրենց նախաքննական ցուցմունքներից` հայտարարելով, որ Ռազմական ոստիկանությունում իրենց խոշտանգումների են ենթարկել և փորձել են իրենից «սուտ ցուցմունք» կորզել Արտակ Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:

«Վկաների հարցաքննության ընթացքում պարզվեց, որ բոլոր վկաները շաբաթներ շարունակ` 10, 23, 25 օր ապօրինաբար զրկվել են ազատությունից և պահվել են Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանությունում: Այսինքն, ի՞նչ է կատարվել. քննիչը անօրինական եղանակներով նախաքննության ընթացքում զինծառայողներից, վկաներից կորզել է ինչ-ինչ ապացույցներ, որոնց մեծ մասը դատարանում ջարդվեցին, և այդ ցուցմունքներն ամրապնդելու համար գործարկվել է դատական հոգեբան Էլդա Գրինի եզրակացությունը: Տիկին Գրինը նման եզրակացությունների «արտադրություն» է բացել և բանակում սպանությունների բոլոր գործերով նման եզրակացություններ է տալիս: Տիկին Գրինին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մենք այս դատավարության ընթացքում անպայման բարձրացնելու ենք»,- ասել է Շուշանյանը:

Նազարյանի վերաբերյալ դատահոգեբուժական եզրակացության մեջ նշված է, որ «Արտակ Նազարյանը դեպքին նախորդած ժամանակահատվածում եղել է հոգեճնշված, հուսահատված, ծայրաստիճան տագնապալի վիճակում` սուբյեկտիվորեն դա ընդունելով որպես անելանելի, իսկ կյանքը շարունակելը` անիմաստ»:

Նազարյանի հարազատներն ու փաստաբանը, որոնք պնդում են, որ որեւէ քննչական գործողություն չի արվել Նազարյանի մահվանը նախորդած առնվազն 6 ժամվա իրադարձությունները պարզելու համար, հարցնում են, թե ինչպե՞ս կարող էր փորձագետը նման եզրակացություն տալ` «չիմանալով, թե ինչ է մահից առաջ եղել Արտակի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս