Բաժիններ՝

Ո՞ւմ կպատժի բնապահպանության նախարարը

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով չեղյալ համարվեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը: Նախարարի հրամանի համար հիմք էին ծառայել նաև «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի խնդրի ուսումնասիրության համար ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները: Ի թիվս այլ առաջարկների՝ աշխատանքային խումբն առաջարկել էր նաև մեղքի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին:

«Արդյոք նախարար Արամ Հարությունյանը աշխատանքային խմբի առաջարկությամբ մեղքի առկայության դեպքում պատասխանատվության կենթարկի «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին: Pastinfo.am-ի թղթակցի հարցին ի պատասխան բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն ասել է.

«Աշխատանքային խմբի եզրակացությունների հետ կապված նախարարը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումներին: Դրանց ամփոփումից հետո միայն պարզ կդառնան պատասխանատվության ենթարկվողները»:

Հիշեցնենք, որ գետահովիտցիները դեմ էին Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա իրականացվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցմանը: Գյուղացիների և ակտիվիստների հավաստմամբ` շինանարությունն իրականացվում էր առանց համապատասխան օրինական հիմքերի: Նրանք պահանջում էին պատասխանատվության ենթարկել բնապահպանության նախարարության այն փորձագետներին, ովքեր տվել էին «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի` շրջակա միջավայրի ազդեցության գնահատման դրական եզրակացությունը:

Նախարարի մամուլի քարտուղարի խոսքերից դատելով կարելի է եզրակացնել, որ պատասխանատվության ենթարկվողներ լինելու են, բայց թե ովքեր և ինչպես՝ պարզ կդառնա նախարարի՝ համապատասխան ստորաբաժանումներին տված հանձնարարականների ամփոփումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս