Բաժիններ՝

Հայկական ՏՏ ոլորտի ընկերությունները կմասնակցեն GITI-ին

Հայկական Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները կմասնակցեն Վրաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը՝GITI-ին: Այսպիսով, Հայաստանի ՏՀՏ լուծումները կներկայացվեն նոյեմբերի 15-17-ը Թբիլիսիում կայանալիք 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը:

Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ): Հենց այդ կառույցն էլ համակարգում է հայաստանյան ընկերությունների մասնակցությունը միջոցառմանը և նախատեսում է նաև մասնակից ընկերությունների համաֆինանսավորում: Նախատեսվում է, որ հայկական պատվիրակությունը կներառի մասնավոր հատվածի և պետական գործակալությունների թվով մոտ 35 ներկայացուցիչներ: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 29-ը:

Միջոցառմանը կարող են մասնակցել և պատվիրակության մեջ ներգրավվել այն հայկական կազմակերպությունները, որոնք հայտ կներկայացնեն մրցանակաբաշխության որևէ անվանակարգում, հանդես կգան գործարար ներկայացմամբ կոնֆերանսի թեմաներին համապատասխան, կներկայացնեն միջոցառմանը մասնակցելու հստակ ծրագիր, ինչպես նաև կպատրաստեն մարքետինգային նյութեր` հայկական ՏՏ անկյունը պատշաճ ներկայացնելու համար: Նշենք, որ միջոցառումը բաղկացած է կոնֆերանսից, ցուցահանդեսից և մրցանակաբաշխությունից:

Տեղեկացնենք, որ 2008-ից Հայաստանը մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը` նպատակ ունենալով խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար,  ապահովել «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ:

Հիշեցնենք, որ «Համագործակցություն մրցունակության, ինովացիայի և կիբերանվտանգության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառման նպատակն է՝ ստեղծել  և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի  երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությանն ու մրցունակությանը: Միջոցառման կազմակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ գործարար խորհուրդը և Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս