«Հայաստանի և ԱՄՆ համագործակցությունը ռազմական ոլորտում զարգանում է դինամիկ». Ս. Օհանյան
«Հայաստանի և ԱՄՆ համագործակցությունը ռազմական ոլորտում զարգանում է դինամիկ»,- այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի և ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այս հարաբերությունները պայմանականորեն բաժանվում են երկու ուղղությունների, ասաց նախարարը՝ հավելելով, որ 1-ինը խաղաղապահ կարողությունների զարգացումն է՝ ռազմաբժշկական ոլորտի համագործակցությունը, ինչպես նաև հումանիտար կայունազերծման խնդիրներն են, իսկ երկրորդը՝ պաշտպանական բարեփոխումներն են, հատկապես ռազմական ոլորտում: Ռազմաարդյունաբերական ոլորտում ևս կլինի փորձի փոխանակում:
«Այս տարվա ընթացքում վերապատրաստվել են շուրջ 200 խաղաղապահ, որոնք իրենց գիտելիքները ներդրել են տարբեր երկրներում անվտանգության համակարգի ձևավորմանը, ընդգծեց նախարարը նշելով, որ այս ոլորտում համագործակցությունը ևս շարունակական է լինելու:
ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսը, կարևորելով այս հարաբերությունները, իր գոհունակությունը հայտնեց հայկական զինված ուժերի կողմից Աֆղանստանում իրականացվող աշխատանքների շուրջ:
«ԱՄՆ ծովահետևակային կորպուսը 2012թ. սևծովյան ռոտացիոն ուժերի շրջանակում Հայաստանի ԶՈՒ-ին ներգրավվել է վարժանքներում, այդ աշխատանքների մի մասը նվիրված է եղել պրոֆեսիոնալ սպայական կազմի ձևավորմանը»,- ասել է Ռեյ Մաբուսը՝ հավելելով, որ ակնկալում են նոր վարժանքներ ԱՄՆ ծովահետևակայինների և հայկական ԶՈՒ-ների միջև:
«Լինելով հետխորհրդային պետություն՝ մենք հիմնականում մեր սպառազինության և հիմնական տեխնիկայի կազմում ունենք խորհրդային միության միավորումներ, և կարող ենք փորձի փոխանակում իրականացնել հատկապես հատուկ նշանակության միջոցների օգտագործման ուղղությամբ՝ այդ հատուկ նշանակության միջոցները, որոնք հրաձգային զենքեր են կամ տարբեր օպտիկական միջոցները, փորձի փոխանակման միջոցով հնարավորություններ կունենանք մեր միջոցների ամբողջ համակարգի արդիականացմանը»,- ասել է Սեյրան Օհանյանը: