
Երևանում կայացավ կենդանիների Դիմակահանդես-շքերթը (լուսանկարներ)

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Երևանում կազմակերպվեց Կենդանիների դիմակահանդես-շքերթ: Միջոցառումը բնապահպանական նշանակություն ուներ: Երթը շարժվեց Ազատության հրապարակից, շարունակվեց Հյուսիսային պողոտայով՝ մինչև Հանրապետության հրապարակ:
Հանրապետության հրապարակից մասնակիցների բնապահպանական երթն ավտոշարասյունով տեղափոխվեց քաղաքի կենտրոնական փողոցներ` հասնելով Կենդանաբանական այգի:
Միջոցառմանը մասնակցում էին 1000-ից ավելի երեխաներ` Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Նշենք, որ հիմնադրամի այս միջոցառումը թվով երրորդն էր: Երթի ընթացքում, ի պաշտպանություն բնության և կենդանիների, «Երթի» դուրս եկան անսովոր կենդանիներ՝ կրիաներ ու ձկներ, այծեղջյուրներ ու լուսաններ, բեզոարյան այծ ու սիրամարգ, ֆլամինգոներ ու որդան կարմիր, արծիվներ ու օձեր, ոզնիներ ու թիթեռներ:
Նրանք բոլորը հրավիրված էին Կենդանիների դիմակահանդես-շքերթին՝ ի պաշտպանություն բնության ու շրջակա միջավայրի: Կենդանիների կերպարները մարմնավորում էին երեխաները: Նրանք կրում էին գունագեղ դիմակներ ու զգեստներ՝ պատրաստված ամենատարբեր թափոններից: Դիմակահանդես-շքերթն ավանդական հյուր ուներ՝ բրեմենյան երաժիշտները՝ Գերմանիայի Բրեմեն քաղաքի Կոնֆուսաո խումբը, որն, ինչպես նախորդ տարիներին, գլխավորում էր երթը: Երթին մասնակցում էին նաև երաժշտական պատանեկան ութ խմբեր, որոնք ուրախ տրամադրություն էին փոխանցում երթի մասնակիցներին: