Ինչպես Տեր-Պետրոսյանը Բեթհովենին փոխեց Լեյլա Սարիբեկյանի հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու Հայ ազգային կոնգրեսի միջև վերջին շրջանում բավական նմանություններ են առաջացել: Երկուսի առաջնորդներն էլ դեռ չգիտեն կամ չեն որոշել` առաջադրելո՞ւ են իրենց թեկնածությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում, թե՞ ոչ, սակայն երկու ուժերի մնացած անդամներն էլ գրեթե ամեն օր հայտարարում են, որ իրենց ղեկավարները պետք է առաջադրվեն:
Այսինքն` երկուսի դեպքում էլ գործ ունենք, ըստ էության, միանձնյա կայացվող քաղաքական որոշումների հետ: Ընդ որում, երկու դեպքում էլ հայտնի չէ` այդ որոշումները կայացնելու հարցում ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի ղեկավարներն ունե՞ն անվերապահ սուվերենություն, թե՞ իրենց առաջադրվել-չառաջադրվելու հարցը նրանք որոշելու են ներքին և արտաքին այլ ուժերի ազդեցությամբ:
Բայց այսքան նմանություններով հանդերձ, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի պարագայում կա մի տարբերություն: ԲՀԿ-ի որոշումից կախված է նաև ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը, մինչդեռ վերջինիս առաջադրվել-չառաջադրվելուց ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի անձնական ու քաղաքական կյանքում հազիվ թե էական փոփոխություններ լինեն: Ու այս իմաստով ԲՀԿ-ի որոշումը ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի համար կարող է ճակատագրական դառնալ, քանի որ, եթե, ի վերջո, Ծառուկյանը որոշեց սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա ՀԱԿ-ն, ըստ էության, վերջնականապես հայտնվելու է քաղաքական լուսանցքում:
Իսկ եթե Ծառուկյանն առաջադրվեց, ապա Կոնգրեսն ինչ-որ հիմնավորմամբ կարող է նաև թեկնածու չառաջադրել ու լծվել «ավազակապետության դեմ պայքարում» Գագիկ Ծառուկյանի պաշտպանության «ժողովրդավարական» գործին: Ըստ էության, վերջին ամիսներին Լևոն Զուրաբյանի շուրթերով հենց դա է առաջարկում ՀԱԿ-ը, այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Գագիկ Ծառուկյանին: Թե որքանո՞վ է այդ առաջարկը գայթակղիչ Ծառուկյանի համար, դժվար է ասել, քանի որ դատելով Կոնգրեսի սեթևեթանքների նկատմամբ ԲՀԿ-ի անտարբերությունից, ՀԱԿ-ի ծառայություններն այնքան էլ բարձր չեն գնահատվում: ԲՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում կարելի է հասկանալ:
ՀԱԿ-ն, ըստ էության, առաջարկում է «փողոցը կառավարելու» իր կարողությունները` համապատասխան քաղաքական կամ տնտեսական փոխհատուցման դիմաց: Սակայն ՀԱԿ-ը վաղուց կորցրել է «հանրահավաքային մենաշնորհը», այսինքն` փողոցն այնպես կառավարելու ունակությունը, որը կարող էր գայթակղիչ դառնալ ԲՀԿ-ի համար: ՀԱԿ-ի վերջին մեկ տարվա հանրահավաքներն իրենց մարդաշատությամբ ու էներգետիկայով նախկինը չէին, ավելին` նախընտրական շրջանում ԲՀԿ-ն կարողանում էր ավելի մարդաշատ հանրահավաքներ կազմակերպել:
Տվյալ դեպքում էական չէ` ինչ ճանապարհով: ԲՀԿ-ն ունի հսկայական ֆինանսական կարողություններ (որի պաշտպանությամբ հանդես գալու պատրաստակամություն հայտնել է նույն Լևոն Զուրաբյանը), որով կարող է հանրահավաքային հրապարակները «լցնել» այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Այսինքն` այս հարցում ՀԱԿ-ն, ըստ էության, ԲՀԿ-ին առաջարկելու բան չունի: Մեծ հաշվով, մնում է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հռետորաբանությունը: Կհամաձայնվի՞ Ծառուկյանը դրա դիմաց առճակատման գնալ Սերժ Սարգսյանի հետ, և արդյո՞ք կարելի է ապավինել Տեր-Պետրոսյանի հռետորաբանությանը, որը նրան հաղթանակ չապահովեց 2008 թվականին: Հազիվ թե:
Սակայն, ենթադրենք` Գագիկ Ծառուկյանն առաջադրում է իր թեկնածությունը, ՀԱԿ-ն էլ, ասենք, հղում անելով Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությանն ուժեղ թեկնածու է պետք, խոնարհաբար սատարում է Գագիկ Ծառուկյանին: Ի՞նչ է ասելու Լևոն Տեր-Պետրոսյանն այդ նպատակով կազմակերպված նախընտրական կամ հետընտրական հանրահավաքներին:
Ըստ ամենայնի, նրա ասելիքը տեղավորվելու է Լևոն Զուրաբյանի` ԲՀԿ-ին հղած «մեսիջների» տրամաբանության շրջանակներում, այն է` Սերժ Սարգսյանը վերարտադրվելով՝ խլելու է Գագիկ Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը, ինչը մենք թույլ չենք տա, քանի որ ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ կերտում ենք ժողովրդավարական պետություն, որտեղ բոլորի իրավունքներն ու սեփականությունը պաշտպանված կլինեն: Ամենայն հավանականությամբ, նման բովանդակությամբ ելույթներ ունկնդրող հանրահավաքի մասնակիցները ոչ թե կսուլեն, այլ կծափահարեն, քանի որ նրանք կլինեն ԲՀԿ-ի մասնակիցները:
Կփոխվեն միայն վանկարկումները: «Լև-ոն, նա-խա-գահ»-ի փոխարեն՝ ամբոխը կբացականչի. «Գա-գիկ, նա-խա-գահ»: Բեթհովենի երաժշտության փոխարեն էլ կհնչի, ասենք, Լեյլա Սարիբեկյանի ձայնը: