«Ժառանգությունը» շարունակում է հստակեցնել դիրքորոշումը
ԱԺ նախորդ քառօրյա նստաշրջանին ամենաշատ քննարկվող թեման «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, այսպես ասած, ապահարզանն էր:
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այս հարցին` ասաց.
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այստեղ միջկուսակցական խնդիր չկա: Մենք պատրաստ ենք շարունակել մեր գործունեությունը «Ազատ դեմոկրատների» հետ: Այլ հարց է, որ մեր կողմից հայտարարվել է, որ այլևս Խաչիկ Քոքոբելյանը չի ներկայացնում «Ժառանգություն» կուսակցությունը, ցավոք, Ալեքսանդր Արզումանյանը Խաչիկ Քոքոբելյանի հետ հայտարարեցին, որ իրենք` մնալով ձևական առումով «Ժառանգության» խմբակցության անդամ` ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներին» և պատասխանատվություն չեն կրելու «Ժառանգության» խմբակցության կեցվածքի հետ կապված: Առաջիկայում մենք վերջապես հստակեցնելու ենք մեր դիրքորոշումը նաև Ալեքսանդր Արզումանյանի հետ կապված»:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս են հստակեցնելու, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Շատ հստակ է` եթե չեն ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը դե ֆակտո, գործնականում, և միայն ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, այդ դեպքում, բնականաբար, «Ժառանգություն» խմբակցությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով, որ խմբակցության բոլոր անդամները պետք է ներկայացնեն «Ժառանգություն» խմբակցությունը, եթե չեն ներկայացնելու, այդ դեպքում մենք մեր դիրքորոշումը վերջնականապես կհստակեցնենք»:
Նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, թե «Ժառանգություն» կուսակցությունը, մուտք գործելով ԱԺ, գումարել է խմբակցության մի քանի նիստեր, որտեղ իրենք ունեցել են իրավունքների և պարտականությունների ներկայացման խնդիր:
«Պարոն Քոքոբելյանը բազմիցս խախտել է իր պարտավորությունները, հետևաբար, նա այլևս չէր կարող ներկայացնել «Ժառանգություն» խմբակցությունը: Հարցին, թե ինչպե՞ս է Խ. Քոքոբելյանը խախտել իր պարտավորությունները, պատգամավորը պատասխանեց. «Ասվել է, որ` «ես պետք է հրաժարական ներկայացնեմ»` չի ներկայացրել: Եվ այլ հարցերի շուրջ էլ են եղել պարտավորություններ, որ նա պետք է ստանձներ` մարդը չի կատարել: Օրինակներից մեկն էլ այն է, որ խմբակցության աշխատանքները կազմակերպելիս` մենք բոլորս պետք է իմանանք` ո՞վ որտե՞ղ է լինելու, ինչպիսի՞ գործուղման մեջ է լինելու, ե՞րբ է բացակայելու, ե՞րբ է ներկա գտնվելու: Այս դեպքում ևս եղել է խախտում` առանց որևիցե նախապես զգուշացման կամ հիմնավորման»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չորեքշաբթի ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց «Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» հէկ-երի` բնությանը հասցրած վնասների մասին հարցը` հաշվի առնելով, որ, ըստ լուրերի, դրանք պատկանում են Խաչիկ Քոքոբելյանին, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Ամսի 12-ի առավոտյան մեկնել եմ, 11-ին պետք է լիներ բողոքի գործողություն, ինձ են դիմել Գետահովիտ գյուղի բնակիչները:
Դրանից ելնելով` իմ պարտավորությունների շրջանակում ես պետք է բարձրացնեի այդ հարցը: Եվ այսօր էլ հետամուտ եմ լինելու, որպեսզի այդ հարցին լուծում տրվի: Այս պահի դրությամբ` հստակ, որ դա պատկանում է իրեն (նկատի ունի Խ. Քոքոբելյանին.- Մ.Մ.) փաստաթղթերով, ես դեռ չգիտեմ, բայց մենք շուտով կիմանանք, թե իրական տերն ով է:
Տարբեր անուններ են շրջանառվում, տարբեր մարդկանց մասին է խոսք գնում: Կարևոր չէ` ով է, կարևորն այն է, որ բնապահպանական խնդիրներ են հարուցվել, և այդ բնապահպանական խնդիրներին պետք է լուծում տրվի»: Իսկ դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, այդ հայտարարությունն արվեց «Ազատ դեմոկրատների» հետ պառակտումից հետո, որտեղ կարելի է տեսնել ենթատեքստ, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Ով ինչ ենթատեքստ տեսնում է, եթե կան պարտավորություններ և պատասխանատվության զգացում, թող նրանք հենց այդտեղ տեսնեն»: