Կիսակառույցի փլուզման մեղքը կոտրում են բանվորի՞ գլխին
«Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույցի տանիքի փլուզման արդյունքում՝ հոկտեմբերի 25-ին արտակարգ պատահարի 9 տուժածներից երեքն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, երկուսը գտնում են վերակենդանացման բաժանմունքում, մնացած 4-ին տեղափոխել են այլ բաժանմունքներ»,- այս մասին երեկ հեռախոսազրույցի ընթացքում 168.am-ին տեղեկացրել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը, ով չցանկացավ ներկայանալ:
Այսօր առավոտյան այցելեցինք հիվանդանոց՝ պարզելու բաժանմունքներ տեղափոխված հիվանդների առողջական վիճակը:
Շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի փակ դռան ետևից փորձեցինք զրուցել հերթապահ բժշկի հետ: 168.am-ին պարզաբանեցին, որ իրենց բաժանմունքում են գտնվում միայն երկու հիվանդները՝ Ղազարյան Արմանը և Մաթևոսյան Վոլոդյան: «Վոլոդյայի վիճակը կայուն ծանր է, մյուս հիվանդի վիճակն ավելի լավ է՝ կայուն վերահսկելի»,- ասաց ռեանիմատոլոգը:
Ընդունարանի բուժքրոջ փոխանցմամբ` Ռոբերտ Մաթևոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել աջ կոնքոսկրի կոտրվածքով, աջից` սրունքթաթային հոդի կոտրվածքով, ով, արդեն քանի օր է, գտնվում է կմախքային ձգման մեջ, տեղափոխվել է քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք՝ հետագա բուժօգնությունը ստանալու նպատակով: Այցելեցինք կիսակառույցի փլուզումից տուժած Ռոբերտ Մաթևոսյանին:
Անձամբ Ռոբերտն իրեն այնքան էլ լավ չէր զգում: Հարազատների փոխանցմամբ` նա դեռ երկար կմնա հիվանդանոցում, քանի որ շատ թույլ է, բժիշկներն էլ դեռ չեն գիպսապատել ոտքը, որովհետև սալջարդը դեռ չի լավացել, որպեսզի մյուս փուլին անցնեն: Ռոբերտի դեմքին մի շարք հեմատոմաներ կային, քիթը վիրակապերի մեջ էր, իսկ աչքերն էլ չէր կարողանում բացել:
Ի պատասխան մեր հարցի, թե ինչպե՞ս է զգացողությունը, Ռոբերտը հազիվ կմկմաց. «Վատ եմ, ո՞նց պետք ա լինեմ: Թույլ եմ, սկի խոսելս էլ չի գալիս»: Ռոբերտի կինը` Գոհարը, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ բժիշկներն էլ դեռ կոնկրետ ժամանակ չեն ասում, թե ե՞րբ կկարողանան վերջնականապես դուրս գրվել հիվանդանոցից:
«Նայեք, տեսեք՝ ի՞նչ ա եղել. ոտքը չի շարժում, ընդհանրապես անզգա վիճակում ա: Ծանրություն են կապել, որ սալջարդը կպնի, հետո նոր կարողանան կամ գիպս դնել, կամ էլ վիրահատել: Դե, բժիշկը տենց ա ասել: Կարող ա չվիրահատեն էլ, սակայն այդ ամենը երկուշաբթի պարզ կլինի: Մի հատ էլ ռենտգեն պիտի անեն, որ հետագա քայլերը որոշեն,- ասաց տիկին Գոհարը և ավելացրեց,- Ամբողջ գիշեր մեկ րոպե աչք չի փակել: Վատ է իրեն զգում: Մենք էլ հեռավոր գյուղից ենք: Դժվար է մեզ համար այսքան ճանապարհ գալ ու գնալը»:
Ռոբերտի հազարատների հետ զրույցի ընթացքում նաև տեղեկացանք, որ երեկ հիվանդանոցից դուրս գրված Սիրակ Թովմասյանը Ռոբերտի կնոջ փեսան է: «Սիրակը իմ փեսան է… Իրա վիճակն էլ եսիմ ինչքան լավ չէր, ուղղակի ինքն ուզեց գնա տանը պառկի, որ լավանա»,- ասաց տիկին Գոհարը:
Խանջյան 20 հասցեում գտնվող կառույցի շինարարության մեջ ընդգրկված և փլուզումից տուժած գրեթե բոլոր բանվորները միմյանց ճանաչում են, Սևանի միևնույն` Դդմաշեն գյուղից են: Ռոբերտի հարազատներն այս կապակցությամբ ասացին.
«Դե, գյուղը փոքր է: Մեկը աշխատանք է գտնում, մյուսներին էլ ասում է, որ աշխատեն միասին»:
Հարցը, թե ո՞ւմ են իրենք՝ տուժածի հարազատները, մեղադրում կատարվածի մեջ, Ռոբերտի սանիկն այսպես մեկնաբանեց. «Դե, մեկը մյուսին ա մեղադրում: Չենք էլ իմանում` ո՞ւմ մեղքն էր, փաստը մնում է փաստ, որ վերջում ամեն ինչը կոտրվեց խեղճ բանվորի գլխին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի տանիքի փլուզում, որի հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց էր տեղափոխվել 9 տուժած: