«Գնահատականները նույնն են, և կարծում եմ` մինչ օրս որևէ բան չի փոխվել մեր գնահատականների մեջ»

Այսօր Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Արման Սահակյանը, ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ավագյանը և Հովհաննես Սահակյանը:

Նրանք կանգնել էին ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարի հարևանությամբ: Տարոն Մարգարյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել` նշելով, որ իր հոր գերեզմանի առջև չի ցանկանում որևէ հարցի մասին խոսել: Ի դեպ, Պանթեոն այցելելուց առաջ Տարոն Մարգարյանը նույն խմբով այցելել էր Եռաբլուր. նա այնտեղ նույնպես հրաժարվել էր պատասխանել հարցերին:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է փոխվել իրենց գնահատականներում այս տարիների ընթացքում, ասաց. «Տարիների ընթացքում ոչինչ չէր կարող փոխվել: Տեղի ունեցավ մի սպանդ Ազգային ժողովում, երբ 1999թ. երկրի բարձրագույն իշխանությունը գլխատվեց, և չարագործի, ոճրագործի միտումն էր, որպեսզի այս երկիրը թուլացնի: Գնահատականները նույնն են, և կարծում եմ` մինչ օրս որևէ բան չի փոխվել մեր գնահատականների մեջ»:

Իսկ հարցին, թե ինքը որպես պատգամավոր` ի՞նչ զգացողություն ունի, արդյո՞ք անխուսափելի են նման դեպքերը, Հովհ. Սահակյանը պատասխանեց. «Չարագործի կամ թշնամու միտքն այնքան հզոր է, որ երբեք չես մտածի կամ չես սպասի` որտեղ` ինչ կարող է լինել: Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Ազգային ժողովի դահլիճում կարող է նման սպանդ կազմակերպվել»:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս  դեպքի իրական հանցագործները չեն բացահայտվել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե իրական հանցագործ ասելով` ի՞նչ նկատի ունեք, բայց կան հանցագործություն իրականացնողներ, ձերբակալվածներ: Պարզ է, որ սա այն դեպքն է, երբ կատարողը տեղում ձերբակալվել է, և ավելի բացահայտված է, ավելի ակներև է»:

 

Տեսանյութեր

Լրահոս