Բաժիններ՝

Թե ինչպես կարելի է կրկնապատկել բյուջեն դեկտեմբերին` Ինտերնետով

Դեկտեմբերին ամերիկացիները 586.1 միլիարդ դոլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Այս 96 միլիարդ դոլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան:

Այն ճանապարհը, որը ես կշարադրեմ` 100 տոկոսանոց երաշխիք չի կարող ունենալ, այդ իսկ պատճառով վերնագրում գրել եմ՝ «թե ինչպես կարելի է»: Սակայն կարող է և 1 ամսվա ընթացքում եռապատկել կամ նույնիսկ քառապատկել մեր պետական բյուջեն, քանի որ անցած ճանապարհ է՝ փորձված ու հաջողված: Խոսքս ինտերնետային մանրածախ առևտրի մասին է, հատկապես Սբ. Ծննդյան տոների շեմին: Տնտեսության այս ճյուղը կարող է ճեղքել ցանկացած շրջափակում և չի պահանջում նախնական մեծ կապիտալ: Պարզապես անհրաժեշտ է մի քիչ խելամտություն և փոքրիկ կապիտալ: Կարող եք նաև ընկերներով սկսել այն:

Ըստ Ամերիկյան ազգային մանրածախ-առևտրականների ֆեդերացիայի (National Retail Federation)՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ամերիկացիները 586.1 միլիարդ դոլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու տոնական զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Չկարողացա գտնել, թե որքան են եվրոպացիները ծախսելու Ծննդյան տոների ընթացքում այս տարի, բայց, քանի որ նրանց շուկան ամերիկյանից փոքր-ինչ ավելի մեծ է` եկեք ենթադրենք, որ մի այդքան էլ եվրոպացիները կծախսեն: Միայն ԱՄՆ-ում 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Իսկ սա նշանակում է, որ այլևս կարևոր չէ, թե տվյալ ապրանքը որտեղից է գալիս: Սահմաններն այստեղ քանդվում են:

Ըստ Shop.org-ի` ինտերնետում կատարված տոնական առևտուրն այս տարի միայն ԱՄՆ-ում աճելու է 12 տոկոսով: Այս թվերը տարեցտարի աճել են, և տենդենցը շարունակվում է:

Կարդացեք նաև

Ի՞նչ է պահանջվում, որ այդ 96 միլիարդից գոնե 1 միլիարդը գա Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք՝ քանի մարդ աշխատանք կունենար, եթե մենք հավելյալ 1 միլիարդ դոլարի ապրանք արտադրեինք ու փոստով առաքեինք ԱՄՆ մեկ ամսվա ընթացքում: Սա նոր հնարավորությունների հրաշալի մարտահրավեր է քեզ, հայ երիտասարդ, հայ ձեռնարկատեր: Այստեղ պայմանները հավասար են, մրցակցությունն` արդար, իսկ մեր երկիրն իր էժան աշխատուժի առկայությամբ ունի ակնհայտ առավելություն:

Ի՞նչ է անհրաժեշտ՝ սկսելու համար

1. Վեբ կայք :  Ընդամենը մի քանի հարյուր դոլարով դուք կարող եք ունենալ պարզ ու սկսնակ վեբ կայք: Ավելի բարդ կայքերի համար դուք հավանաբար պետք է ծախսեք 1-3 հազար դոլար: Ձեր վեբ կայքն անպայման պետք է ունենա ինտերնետային առևտրի հնարավորություն (e-commerce solution): Սա բարդ բան չէ, եթե գիտեք, թե ինչ եք անում: Ձեր վեբմաստերն այս հարցը կլուծի ձեզ  համար: Շատ լավ կլինի, եթե ձեր կայքը մոբիլ-ով առևտուր անելու հնարավորություն ունենա (mobile-enabled): Սա ավելի շուտ մարքետինգի հարց է և այս հոդվածի շրջանակից դուրս, սակայն mobile-enabled կայքն այսօր այնքան կարևոր է, որ գոնե այստեղ պետք է նշենք այդ մասին:

2. Ապրանք:  Ձեզ պետք է ապրանք, որպեսզի վաճառեք ձեր կայքի միջոցով ու առաքեք այն փոստով: Հաշվի առնելով, որ մեր երկրում մեծ քանակությամբ մարդիկ աշխատանք են փնտրում, դուք պետք է որ արագ ու էֆեկտիվ արտադրություն կազմակերպելու համար գտնվեք մրցունակ վիճակում: Հատկապես, եթե ձեռքի աշխատանք եք կազմակերպում և, առավել ևս, եթե այն հիմնում եք մարզերում: Լավ գործ արած կլինեք` մարդկանց իրենց հողին կապելով:

Ի՞նչ արտադրել ու վաճառել

Ընտրեք կամ արտադրեք այնպիսի ապրանք, որ այս տոնական շրջանում ավելի պահանջված կլինի: Հաշվի առեք, որ դուք այդ ապրանքն առաքելու եք փոստով: Հետևաբար, ընտրեք այնպիսի լուծումներ, որ ձեր ապրանքի առաքման ծախսի հետ միասին՝ կունենա ավելի մրցունակ գին, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում վաճառվող նմանատիպ ապրանքը: Ուսումնասիրեք ամերիկյան և եվրոպական ապրելակերպն ու սովորույթները: Տեսեք` ի՞նչ են գնում, ի՞նչ են նվիրում միմյանց, ինչպե՞ս են զարդարում իրենց տներն այս տոնական շրջանում: Օրինակ, կարող եք սկսել` ինտերնետում փնտրելով  «Best Christmas Gift Ideas» կամ «Top Selling Christmas Gifts»:

Ուրիշ որտե՞ղ կարելի է վաճառել մեր ապրանքը

Եթե չունեք վեբ կայք, բայց ունեք ապրանք, ապա կարող եք նաև ձեր ապրանքը վաճառել արդեն լավ-հաստատված մեծ առևտրային վեբ կայքերում: Օրինակ` Amazon.com-ն ունի  «Վաճառիր Amazon-ում» կարելիությունը (Sell on Amazon): Սա շատ լավ հնարավորություն է հենց հիմա ձեր ապրանքն այնտեղ վաճառելու համար: Հաջորդ լավ հնարավորությունն է` eBay-ը:  eBay-ում ձեր ապրանքը վաճառվում է աճուրդի միջոցով: Հազարավոր անհատ մարդիկ մեկ միլիոն դոլարից ավելի եկամուտ են ապահովել eBay-ի միջոցով:

Ամփոփում

Այս հոդվածի վերնագիրն է` «Թե ինչպես կարելի է կրկնապատկել բյուջեն դեկտեմբերին»: Խոսքն, անշուշտ, չի վերաբերում այս դեկտեմբերին, թեև մեր ժողովրդի գործարարական ջիղն ու միտքն արագ աշխատեցնելու դեպքում մեծ հաջողություններ կարելի է արձանագրել նաև այս տարի` ինտերնետային առևտրի ասպարեզում: Հիմա կասեք՝ ինչպե՞ս կարելի է մի քանի կամ մի քանի տասնյակ այսպիսի բիզնեսների միջոցով կրկնապատկել մեր պետության բյուջեն մեկ ամսվա ընթացքում: Լավ… թող չլինի մի քանի տասնյակ, այլ մի քանի տասնյակ հազար երիտասարդական փոքր բիզնես ձեռնարկներ, քանզի փոքր բիզնեսի հաջողությունը տնտեսության ողնաշարի առողջության գրավականն է: Մի քանի թվեր ներկայացնեմ` պատկերացնելու համար, թե միայն ԱՄՆ-ում առանձին խանութներն ինչպիսի՞ առևտուր են գրանցել հենց միայն ինտերնետում`  իրենց վեբ կայքի միջոցով: Ի դեպ, այդ խանութների ապրանքների «առյուծի բաժինը» չի արտադրվում ԱՄՆ-ում:

Amazon.com-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում (տոնական առևտրի եռուն շրջանում) ունեցել է 17.43 միլիարդ դոլարի եկամուտ: Սա 35 տոկոս աճ էր՝ նույն ժամանակահատվածի 2010 թվականի արդյունքի համեմատ:

eBay-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում ունեցել է 3.38 միլիարդ դոլարի եկամուտ, որից 2 միլիարդ դոլարը` մաքուր շահույթ:

Macys.com-ն այս տարի ակնկալում է 2 միլիարդ դոլարի եկամուտ` իր ինտերնետային առևտրից:

Այս ցուցակը կարելի է շարունակել, բայց արդեն իսկ պարզ է, որ, եթե մենք սկսենք և շուտով Հայաստանում ունենանք մի քանի այսպիսի ինտերնետային մանրածախ ձեռնարկություններ (online retailers), ապա շատ արագ միայն այս մրցունակ սեկտորի միջոցով կարող ենք կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել մեր պետական ազգային հարստությունը, բազում աշխատատեղեր ստեղծել մեր երկրում, և ծաղկուն ապագա` մեր հայրենակիցների համար: Իսկ թե ինչպե՞ս կարելի է սկսած փոքր կամ միջին ինտերնետային առևտրով զբաղվող վեբ կայքերը հասցնել eBay-ի կամ Amazon.com-ի  մեծության, դա արդեն մարքետինգի հարց է և մի նոր հոդվածի նյութ: Իսկ կարևորը սկսելն է ու այս սեկտորի զարգացումը Հայաստանում:

Հաջողությո՛ւն ամեն ազնիվ ձեռնարկի:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս