Ուկրաինայի կառավարությունը կարևորում է Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելամանն ուղղված քայլերը
Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովում տեղի է ունեցել Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հանդիպումը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։
Կարևորելով Հանձնաժողովի գործունեությունը, դեսպանը ընդգծեց, որ հետաքրքված է այն քայլերով, որոնք իրականացվում են մրցակցային իրավիճակի բարելաման ուղղությամբ: Ի. Կուխտան նշեց, որ իրենք շահագրգռված են երկու երկրների մրցակցային մարմինների առավել ինտենսիվ համագործակցությամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Անդրադառնալով դեսպանի կողմից Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հարցադրումներին, Ա. Շաբոյանը ներկայացրեց տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու լուծում ստացած մրցակցային խնդիրները և տեղեկացրեց, թե որոնք են լինելու Հանձնաժողովի առաջնահերթությունները:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ շնորհիվ ուղղորդված և նպատակային աշխատանքի, տարեցտարի ավելանում են տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները, արդյունքում բացահայտվում և լուծում են ստանում մի շարք մրցակցային խնդիրներ: Այսպես, եթե 2008-ին Հանձնաժողովը կայացրել է նման 31, իսկ 2009-ին 25 որոշում, ապա 2010-ին դրանց թիվը եղել է 106, 2011-ին՝ 198, իսկ այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ արդեն իսկ 112 որոշում: Նշված ժամանակահատվածում նշանակված տուգանքների չափը, ըստ տարիների, 3 մլն դրամից հասել է մինչև 351 մլն դրամի: Ա. Շաբոյանը նաև նշեց, որ նախորդ տարի բողոքարկվել է 20, իսկ այս տարի՝ 5 որոշում: 17-ի մասով Հանձնաժողովի որոշումները մնացել են ուժի մեջ, իսկ 7 բողոքարկումները դեռևս դատական փուլում են: ՏՄՊՊՀ որևէ որոշում դատարանի կողմից անվավեր չի ճանաչվել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Մրցունակության համաշխարհային զեկույցի հրապարակած տարեկան ցուցանիշներին, ըստ որի Հայաստանը մրցունակության առումով ակնհայտ առաջընթաց է արձանագրել: Միայն գերիշխող դիրքերի ազդեցությունը մրցակցության վրա ցուցանիշով Հայաստանը բարելավել է իր դիրքերը 43 կետով: Տեսանելի առաջընթաց կա նաև հակամենաշնորհային քաղաքականության ուժեղության (+23 ) եւ ներքին շուկայում մրցակցության ինտենսիվության ցուցանիշով (+9 ): Ընդ որում տարածաշրջանի մյուս երկրները, նշված ցուցանիշների առումով հիմնականում հետընթաց են արձանագրել:
Դեսպան Ի. Կուխտան նշեց, որ Ուկրաինայի կառավարությունը կարևորում է Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելամանն ուղղված քայլերը և ընդգծեց, որ դրանք մեծապես կնպաստեն նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին: