«Այսօր մենք կարող ենք համագործակցել նույնիսկ նույն Սերժ Սարգսյանի, նույն Ռոբերտ Քոչարյանի հետ և ասել մի բան…». Գուրգեն Եղիազարյան

Այսօր մամուլի ասուլիսում լրագրողների հետ հանդիպեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը և ՀԱԿ անդամ, ՀՀ Ազգային անվտանգության

ծառայության նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը:

Ասուլիսում անդրադարձ եղավ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության մասին վերջին հայտարարություններին,  ինչպես նաև Երջանիկ Աբգարյանի` այդ հայտարարություններին նախորդած տեսակետին, թե այսօրվա ընդդիմությունն` ի դեմս ՀԱԿ-ի պատրաստ է համագործակցել անգամ սատանայի հետ, միայն թե իշխանափոխություն տեղի ունենա:

Առաջինը հարցն ուղղվեց Մանվել Բադեյանին, ով ասաց, թե չի լսել վերոհիշյալ հայտարարությունները և խնդրեց Գուրգեն Եղիազարյանին առաջինը պատասխանել, ով իր հերթին ասաց. «Ճիշտն ասած` ես էլ չեմ լսել…»:

Կարդացեք նաև

Այնուհետև ավելացրեց. «Ես Լյուցիֆերին չեմ հավատում, որովհետև մարդուց ավելի մեծ սատանա գոյություն չունի: Ի՞նչ Լյուցիֆեր, Լյուցիֆերը երեխա է մարդու մոտ: Դրա համար կհամագործակցենք ցանկացածի հետ, որպեսզի ժամ առաջ ազատվենք այս իշխանություններից: Ինչո՞ւ, շատ պարզ. այս իշխանությունների օրոք այսօր մենք այս պատուհանից դուրս ունենք 1,2 մլն սոված մարդ: Կառավարությունը որոշեց 2500 դրամով ավելացնել մարդկանց.. աշխատավարձ չեմ կարող ասել… ինչ-որ մի չնչին գումար շպրտեց` 2500 դրամ: Խոսում են տնտեսական աճի մասին:

Ի՞նչ տնտեսական աճ կարող է լինել մի երկրում, որտեղ ազգաբնաչության մեծամասնությունն աղքատ է: Այսինքն` եթե այսօր մենք խոսում ենք տնտեսական աճի մասին, նշանակում է` արհամարհում ենք ՀՀ քաղաքացուն, նրան դնում ենք ապուշի տեղ, ասում ենք` մենք ձեզ երկրից արտաքսում ենք: Նույնիսկ վարչապետ կոչվածը հայտարարություն արեց` ասելով. «Բա ի՞նչ անենք, թողնենք` մնան երկրում, որ հեղափոխությո՞ւն անեն»»:

Իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն նույնպես պատասխանատու չէ այս ամենի համար և նաև Մարտի 1-ի համար, Գ.Եղիազարյանը պատասխանեց. «Մարտի 1-ի վերաբերյալ ասեմ. Իհարկե, Մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Հանիրավի, ստորաբար մեր երեխաներից կազմված բանակը մտցրեցին Երևան, 10-ից ավելի մարդու սպանեցին, 180 հոգու վիրավորեցին: Այս պարագայում Մարտի 1-ի մասին էլ ի՞նչ խոսենք»:

Հիշեցմանը, թե Վարդան Օսկանյանը հիմա ԲՀԿ-ում է, Գ.Եղիազարյանը պատասխանեց. «Դուք չեք գտնի մի ձայնագրություն, որտեղ ես Վ.Օսկանյանին մեղադրում եմ Մարտի 1-ի համար: Մարտի 1-ի համար երկու մարդ կա, ով պետք է պատասխան տան` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան»:

Գ.Եղիազարյանին հարցրեցին, թե այդ դեպքում կարելի՞ է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել: «Ասեմ. այսօր մենք կարող ենք համագործակցել նույնիսկ նույն Սերժ Սարգսյանի, նույն Ռոբերտ Քոչարյանի հետ, հենց այսօր և ասել մի բան`եկե´ք նստենք և իրար հետ որոշենք, դուք էլ եք չէ՞ ոնց որ հայ: Եկե´ք համախմբենք, մեր երկիրը հանենք էս վիճակից, եկեք մտածենք` ի՞նչ անենք, որ դրսում 1,2 մլն սոված քաղաքացի չունենանք: Ուրեմն` մեծ սիրով կհամագործակցենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ»:

Մանվել Բադեյանին հարցրեցին` այս տրամաբանությունը Ձեզ հասկանալի՞ է, ինչին ի պատասխան, նա ասաց. «Միանգամայն հասկանալի է: Մարդիկ ամեն ինչի ելքը տեսնում են իշխանափոխության մեջ և այդ ճանապարհին պատրաստ են համագործակցել սատանայի հետ, և դեռ դրանից էլ ավել»:

 

Տեսանյութեր

Լրահոս