«Ես ուղղակի զարմանում եմ Խ.Քոքոբելյանի վրա, թե ինչ ծրագիր ունի, որ շարունակելու է մնալ խորհրդարանում». Զ.Փոստանջյանը
Խաչատուր Քոքոբելյանը հրապարակավ, մինչև ընտրությունները, հայտարարել էր, որ առնվազն պայքարելու ենք խորհրդարանում մեծ ներկայացվածություն ունենալու համար, սակայն դրանից հետո իրողությունները փոխվեցին: Հետևաբար` պետք է խորհրդարան գային այն մարդիկ, ովքեր իրոք կարող ուժեր են, իրոք խորհրդարանականներ են: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով խմբակցության հոկտեմբերի 22-ի նիստում կայացրած որոշումը, ըստ որի խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խ. Քոքոբելյանն այսուհետ չի կարող արտահայտել «Ժառանգություն» խմբակցության կարծիքը:
Ըստ Զ.Փոստանջյանի, մինչև խմբակցության այսօրվա նիստն եղել են բազմաթիվ նիստեր, որոնց ժամանակ քննարկվել է Խ. Քոքոբելյանի կողմից, ընդհանուր քաղաքական գործունեության վերաբերյալ խմբակցության բոլոր անդամների միջև առկա պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունները չկատարելու հարցը:
«Շատ եմ ցավում, որ այդ պարտավորություններն այս մարդը չկարողացավ կատարել, շատ եմ ցավում, որ մենք ստիպված այսպիսի որոշում կայացրինք»,- ասել է խմբակցության քարտուղարը: Նա նաև հավելել է. «Այս որոշումը կոնկրետ անձի վերաբերյալ է, մենք Ալեքսադր Արզումանյանի վերաբերյալ որևէ խնդիր չունենք: Խմբակցությունը եղել է հինգ անձից բաղկացած, որոնց թվում եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և, եթե նա հրաժարվել էր իր մանդատից, ապա Խ.Քոքոբելյանը` լինելով խմբակցության մաս կազմող մեկ այլ ուժի ղեկավար, նույնպես, այդ ստանձնած պարտավորությունների շրջանակներում, պետք է հրաժական տար: Ես ուղղակի զարմանում եմ Խ.Քոքոբելյանի վրա, թե ինչ ծրագիր ունի, որ շարունակելու է մնալ խորհրդարանում»,- ասել էԶ.Փոստանջյանը: