«Հայաստան» հիմնադրամը սիրիահայերին օգնելու համար հաշվեհամար է բացել
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշել է ստեղծել առանձնացված բանկային հաշիվ սիրիահայությանն օժանդակելու համար:
Հիմնադրամի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Հայաստան» հիմնադրամի վերահսկողության ներքո կուտակված գումարներն ամբողջությամբ կփոխանցվեն Սիրիայում հայ համայնքի ազգային իշխանությանը, և տեղում ստեղծված համակարգող մարմինն ինքը` ըստ նպատակահարմարության կբաշխի դրանք` ծագող խնդիրներին առավել արդյունավետ լուծում տալու նպատակով:
Ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակի հետևանքով տարբեր պետություններում անցկացվում են տարերային դրամահավաքներ, որոնց ընթացքում հավաքված գումարները կարող են փոշիանալ: Նման անցանկալի ընթացքից խուսափելու համար է, որ սիրիահայերին օգնել ցանկացող մեր բոլոր հայրենակիցներին ընձեռվում է հնարավորություն նվիրատվություններ կատարել առանձնացված դրամային և արտարժութային հետևյալ հաշվեհամարներին.
HSBC Bank Armenia
9, V. Sargsyan Str. Yerevan Armenia
SWIFT: MIDLAM22
ACC NO 001-002195-102 (USD)
ACC NO 001-002195-104 (EUR)
ACC NO 001-002195-001 (AMD)
Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, սիրիահայերի օժանդակության խնդիրների հետ կապված բոլոր հարցերով մեր հայրենակիցները կարող են դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն +37410 58 56 01 (107), ինչպես նաև զանգահարել «Հայաստան» համահայկական հիմնադրամ +37410 56 01 06 (105) հեռախոսահամարով: