Ուխտից թռնելու ժամանակը
Այսօր խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից նույն խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանին, դե ֆակտո, խմբակցությունից հեռացնելուց հետո վերջինս հայտարարեց, որ, թեև այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններում սատարել-չսատարելու հարցադրում «ուղղակի չարժե անել», սակայն, եթե «Ժառանգության» ղեկավարը չշեղվի իր նախընտրական ծրագրից, «Ազատ դեմոկրատները» քննարկեն նրան պաշտպանելու հարցը:
«Կա մի խնդիր՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն՝ իր լայն նախընտրական ծրագրով, մեր պատկերացրած՝ մինչև այս պահը բոլոր պայմանավորվածությունները, նկատի ունեմ՝ ծրագրային, և նախագահական ընտրություններին այն խնդիրները վեր հանի, որը մեզ ավելի հոգեհարազատ կլինի, եթե ոչինչ չփոխի, ես որևիցե անձնական խնդիր չեմ տեսնում այդ հարցը նորից քննարկելու մեր կուսակցության վարչությունում»,- ասել է Քոքոբելյանը:
Ստորև ներկայացնում ենք «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամների կողմից ստորագրված վերջին քաղաքական փաստաթուղթը` «Ուխտ նոր Հայաստանի» անունով: Այն ստորագրվել է 2012 թվականի մարտի 24-ին` երկու կուսակցությունների, ինչպես նաև՝ «հանրային սեկտորի» անդամների կողմից: Առայժմ ո՛չ «Ժառանգությունից», ո՛չ «Ազատ դեմոկրատներից» որևէ մեկը չի հայտարարել նշված փաստաթղթից հրաժարվելու վերաբերյալ: Այսինքն` ֆորմալ առումով «Ուխտ նոր Հայաստանի» հռչակագիրը շարունակում է գործել՝ որպես այս ուժերի ու նրա անդամների գործունեության ուղենիշ:
Ուխտ նոր Հայաստանի
Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքական երկու կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, հետայսու քաղաքական-քաղաքացիական համալիր այլընտրանք ենք ներկայացնում հանրապետության ժողովրդավարական-ազգային վերափոխման համար և մեզ հռչակում ենք միացյալ մեկ ամբողջություն, որտեղ հարգվում է անհատի մտքի ու արտահայտման ազատությունը և ապահովված է գաղափարների ու քաղաքական տարբերակների բաց, անկաշկանդ մրցակցություն:
Մեր դավանած գերագույն արժեքներն են քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը և ազգային շահը: Այդ արժեքների ամրապնդման ու տարածման հրամայականով մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաև` նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար և ձևավորելու ենք նոր իշխանություն` նոր կառավարությամբ:
Մենք հաստատում ենք մեր ներսում որոշումների կոլեգիալ ընդունման կարգը` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների և ուղենիշների հանգույն: Մեր նպատակներն իրագործելու ճանապարհին բոլոր համախոհ անդամներով ստանձնում ենք անհատական պատասխանատվություն և հավաքական հանձնառություն քաղաքական վճիռների կենսակոչման համար: Մենք միատեղ ուխտ ենք անում անշահախնդիր և անմնացորդ հանրային ծառայության:
Մենք ազատ մրցակցային տնտեսության և սոցիալական շուկայի կողմնակիցներ ենք, իսկ քաղաքական ոլորտում նախապատվությունը տալիս ենք խորհրդարանական կառավարման տիպօրինակին:
Մենք ընդունում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն պատմական արդարության, միջազգային իրավունքի, Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ճանաչման և հատուցման հիման վրա: Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի, իսկ դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել, ապա Հայաստանը նույնպես պետք է սեղանին դնի իր նախապայմանները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` Արցախի խնդիրը պետք է լուծվի նրա ինքնիշխանության և ամբողջականության ճանաչման եղանակով: ԼՂՀ-ը նաև պետք է ինքնուրույն սերտաճի միջազգային և հատկապես` եվրոպական կառույցներում:
Ընդունելով հանդերձ Ռուսաստանի հետ իրավահավասար ռազմավարական և ԱՄՆ-ի հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր արտաքին քաղաքական ուղենիշ մենք համարում ենք հարաճուն ինտեգրումը եվրոպական հանրակարգերին` Եվրոպական Միության լիիրավ անդամ դառնալու հեռանկարով:
Հանո՛ւն քաղաքացու, հանո՛ւն ազատության,
հանո՛ւն Հայաստանի Հանրապետության:
24 մարտի 2012թ.
Երևան
Այս հռչակագիրը ստորագրել են «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» և «հանրային սեկտորի» ավելի քան 70 անդամներ: Ստորագրողների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Խաչատուր Քոքոբելյան, «Ազատ դեմոկրատներ»
Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն», ԱԺ պատգամավոր
Ալեքսանդր Արզումանյան, «Ազատ դեմոկրատներ», նախկին արտգործնախարար, նախկին քաղբանտարկյալ
Ռուբեն Հակոբյան, «Ժառանգություն», նախկին գլխավոր հյուպատոս, քաղաքագետ
Թևան Պողոսյան, անկուսակցական, քաղաքագետ, ՄԶՄԿ նախագահ
Մասիս Այվազյան, «Ազատ դեմոկրատներ», նախկին փոխոստիկանապետ, նախկին քաղբանտարկյալ
Ստյոպա Սաֆարյան, «Ժառանգություն», ԱԺ պատգամավոր
Իզաբելլա Աբգարյան, անկուսակցական, բանասեր, բլոգեր
Արման Մուշեղյան, անկուսակցական, տնտեսագետ, հաշմանդամների «Աշխարհն առանց արգելքների» հ/կ