«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքները

Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Գործը մտել է դատաքննության փուլ, և նիստի ընթացքում  գործով մեղադրյալներին հարց տրվեց` արդյո՞ք նրանք հասկանում են իրենց առաջադրված մեղադրանքի էությունը և արդյո՞ք ընդունում են իրենց մեղքը:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը նշեց, որ իրեն պարզ չէ առաջադրված մեղադրանքը, և որ ինքը չի ընդունում այն:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը ևս նշեց, որ իր համար անհասկանալի է մեղադրանքի էությունը: Նա հայտարարեց, որ ինքը վիճաբանության ժամանակ ռեստորանային համալիրում չի եղել, հետևաբար` իրեն մեղավոր չի ճանաչում:

Մեղադրյալ Արթուր Բաբլոյանը ևս նշեց, որ իր համար հասկանալի չէ մեղադրանքի էությունը, և որ ինքը հանցանք չի կատարել: Մեղադրյալ Արման Բաղդասարյանի խոսքով` իր համար պարզ չէ,թե կոնկրետ ի՞նչ գործողությունների համար է ինքը մեղադրվում. «Նշված հոդվածներով ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- դատարանում հայտարարեց Ա. Բաղդասարյանը:

Իսկ մեղադրյալ Արման Խաչատրյանն ու նրա պաշտպան Ավագ Լալայանը նույնպես հայտարարեցին, թե չեն հասկանում մեղադրանքի էությունը:

Նա այսօր ինքնաբացարկ ներկայացրեց դատավոր Դավիթ Հարությունյանին` նրան մեղադրելով կողմնապահության մեջ: Ըստ նրա` դատավորը կաշկանդված է և կողմնապահություն է ցուցաբերում:

Բանն այն է, որ Լալայանը խնդրեց պարզաբանել մեղադրանքը, այնուհետև խնդրեց ձայնագրությանը ծանոթանալու համար մեկ օր տրամադրել, ինչը դատարանը մերժեց` ձայնագրությունը լսելու համար տրամադրելով 30 րոպե ժամանակ:

Նշենք, որ ձայնագրությունը տևել է 1 ու կես րոպե: Այժմ դատարանը գնացել է խորհրդակցության սենյակ:

Տեսանյութեր

Լրահոս