Բաժիններ՝

ԱՄՆ դատախազության առաջարկը` լրտեսության մեջ մեղադրվողներին

Նյու Յորքի արևելյան մարզի դատարանը Բրուկլինում  ռուս զինվորականներին ամերիկյան տեխնոլոգիաներ մատակարարելու համար կներկայացնի լրտեսության մեղադրանք ևս երկու  ռուսաստանցիների: Ինչպես հաղորդում է  РИА Новости-ն, այդ ռուսաստանցիները Հյուսթոնից  տեղափոխվել են Նյու Յորք:

Աղմկահարույց այս իրավիճակում, որն ստացել է «Արտահանման գործ» անունը, ընդհանուր առմամբ հայտնվել է 11 մարդ: Նրանցից երեքի նկատմամբ հայտարարված է հետախուզում: Ձերբակալվածներից 4-ը ունեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի անձնագրեր: Այդ 4-ի Ռուսաստանի քաղաքացի լինելը ՌԴ ԱԳՆ-ն արդեն ընդունել է և խոստացել է օժանդակություն ցույց տալ:

Ավելի վաղ մեղադրյալներից մեկի՝ Վիկտորյա Կլեբանովայի փաստաբան Արկադի Բուխը հայտնել է, որ ամերիկյան դատախազությունը ձերբակալվածներին առաջարկել է ընդունել իրենց մեղքը: Հավանական լրտեսները իրենց մեղքը կամավոր ընդունելու դեպքում կստանան ազատազրկման նվազագույն ժամկետներ՝ հավանական կազմակերպիչի և հանցավոր խմբի գործունեությունը համակարգողի՝ Ալեքսանդր Ֆիշենկոյի  համար առաջարկվում էր 10-12, իսկ «Արտահանման գործ»-ի մյուս մասնակիցների համար՝ 6-11 տարի: Հակառակ դեպքում ռուսաստանցիներին սպառնում է ցմահ բանտարկություն:

Դատական առաջին նիստը կկայանա նոյեմբերի 9-ին: Ենթադրվում է, որ դատական գործընթացը կտևի մոտ մեկ ամիս:

Հիշեցնենք, որ առևտրի կանոնները խախտող այս գործը հայտնի դարձավ հոկտեմբերի 3-ին, երբ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն  հայտարարեց անօրինական ձևով Ռուսաստան բարձր տեխնոլոգիաներ  արտահանող 8 մարդկանց ձերբակալության մասին:

Ձերբակալվածների մեջ կային ԱՄՆ-ի քաղաքացիներ, որոնք ունեին նաև ՌԴ անձնագրեր: Նրանք բոլորը մեղադրվում են «զինվորական շատ համակարգերում կիրառման հնարավորություն ունեցող և կառավարական խիստ վերահսկողության տակ գտնվող  միկրոէլեկտրոնային պահեստամասեր» արտահանելու մեջ:

Մեղադրող կողմը հայտարարում է, որ միկրոէլեկտրոնիկան, ամենայն հավանականությամբ, մատակարարվել է Ռուսաստանի  հետախուզական և զինվորական հաստատություններին: Ռուսաստանցիները իրենց մեղքը ժխտում են:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս