«Չայկայի» հարցով քրեական գործ է հարուցվել
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:35-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի տեղակալից գրություն է ստացվել, որ համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09:10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15:00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կաղապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է: