Եվրոպայի հայկական միությունների ֆորումը պահանջում է դադարեցնել Օսկանյանի քաղաքական հետապնդումը.
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին ուժային պետական կառույցների կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրումը որակում է որպես առանց իրավաբանական հիմնավորման քաղաքական հետապնդում և գալիք ՀՀ նախագահական ընտրություններին հավանական մրցակցին միտումնավոր խաղից դուրս բերելու փորձ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Արտերկրի հայության համար Վարդան Օսկանյանը դարձել է օրինակ` անձնվեր աշխատանքով հայության իղձերն իրականացնելու գաղափարների իրագործման հարցում: Սփյուռքն ունի մեծ թվով այլ օրինակներ, երբ իրենց տնտեսական ֆիդայիներ համարող մի շարք հայտնի սփյուռքահայ գործիչների Հայաստանում սնանկացնելու աստիճանի են հասցրել և կամ սնանկացրել ու երկրից դուրս շպրտել:
Այսօր առաջին անգամ նաև հայրենասեր քաղաքական գործչի նկատմամբ է կիրառվում բարոյապես ոչնչացնելու և երկրից դուրս շպրտելու քաղաքականությունը: Արդյունքում` հայության վերջին հույսը հատում է, ապատիան մեծանում և ահագնացած արտագաղթի տեմպերը նվազելու փոխարեն աճում են` երկիրը տանելով մինչ վերջնական կործանման:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձախողված արտաքին, տնտեսական քաղաքականության պայմաններում «ցանկացած ՀՀ քաղաքացի հանցագործ է» կարգախոսով առաջնորդվելը միմիայն վնասվում է պետության առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող վարկը, և ստեղծվում մի արժեհամակարգ, որտեղ բացակայում է հանրային կյանքի որևէ ոլորտի զարգացում:
ՀՀ վարչակազմից պահանջում ենք անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները Վարդան Օսկանյանի, ինչպես նաև կոալիցիան լքած ԲՀԿ նախարարների հանդեպ և լծվել պետական միջոցները հափշտակած ՀՀԿ անդամների և նրանց հովանավորյալ պետպաշտոնյաների բացահայտմանը, իսկ հանցագործության փաստեր չգտնելու պարագայում ԵՀՄՖ-ն պատրաստ է ցուցաբերել լայնամասշտաբ աջակցություն»:
CivilNet