Նոտարական քննությունները մեկնարկել են
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր սկսվեցին նոտարի թեկնածուների որակավորման քննությունները, որոնց մասնակցում են նոտարի 52 հավակնորդներ: Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Մասնակիցներին ողջունեց և հաջողություններ մաղթեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ քննություններն անց են կացվում ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ՝ նախարարի որոշմամբ: Այս պահին մի քանի տարածքներում կան նոտարների թափուր տեղեր՝ Վարդենիս, Սևան, Ալավերդի, Մարալիկ, Երևան:
Քննություններն անց են կացվելու 3 փուլով. առաջին փուլում կստուգվեն գիտելիքները, երկրորդ փուլում՝ մտածելու ունակությունը, իսկ երրորդ փուլում նախարարը հարցազրույց կանցկացնի նրանց հետ՝ տրամաբանությունը ստուգող հարցադրումներով:
Հ. Թովմասյանը շատ է կարևորում քննություններն ու որակյալ նոտարներով նոտարական համակարգը համալրելը, որովհետև առաջիկայում նոտարներին առաջադրվող պահաջները շատ ավելի բարդ են լինելու, քան ներկայումս գործող պահանջները, «և նրանք ավելի մեծ ֆունկցիա պիտի կատարեն մեր իրականության մեջ»:
Նախարարը պարզաբանեց, որ նոտարը պետք է լինի տնտեսական հարաբերություններում կայունության երաշխավորը. «Իրականում մենք պետք է ունենանք լատինական նոտարիատ, որը նախատեսված է մեր դատաիրավական բարեփոխումների ծրագրով: Մշակվում է թե՛ Նոտարիատի մասին օրենքը, թե՛ Քաղաքացիական օրենսգիրքը և մի շարք այլ օրենքներ, որոնք ենթադրում են նոտարներին մի շարք այլ լիազորությունների փոխանցում և նրանց լիազորությունների ընդարձակում»,- ասաց նախարարը, հավելելով, որ էականորեն մեծանալու է նաև նոտարների պատասխանատվությունը:
«Այսինքն՝ այն իրավիճակները, երբ նոտարը ինչ-որ գործարք սխալ էր կատարել, բայց դա ակնհայտ չէր, կոպիտ չէր, դիտավորյալ չէր, դրա համար նոտարը պատասխանատվություն չէր կրում, պիտի մենք սրանից ձերբազատվենք և ունենանք մի նոտար, որը 100 տոկոս իր ռիսկով է այդ գործարքները կատարում, և կողմերը վստահ են, որ ցանկացած պարագայում իրենք կարող են նոտարից իրենց ողջ գումարները հետ ստանալ»,- ասաց նախարարը:
Նոտարական գրասենյակների տարբեր ծանրաբեռնվածությունը, մասնավորապես, Երևանում, պայմանավորված է որոշակի սուբյեկտիվ գործոններով՝ առաջին նոտարական գրասենյակի շենքում են գտնվում բոլոր թարգմանչական կենտրոնները: Բացի այդ, ավանդաբար այստեղ են կատարվել ժառանգության ձևակերպումները, թեև մի քանի տարի այդ դրվածքը փոխվել է, սակայն մարդիկ սովորույթի ուժով ու տեղեկատվության պակասի պատճառով շարունակում են դիմել հիշյալ նոտարական գրասենյակ:
Նախարարն ընդգծեց, որ գործում է Նոտարական պալատի կայքը, որի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ նոտարական գրասենյակների տեղակայման, մատուցվող ծառայությունների ու սակագների մասին: Նվազ ծանրաբեռվածությամբ աչքի ընկնող որոշ մարզերի ու հեռավոր տարածքների պարագայում, ըստ նախարարի, անհրաժեշտ է ուղիներ գտնել նոտարական ֆոնդերից նոտարների աշխատանքը սուբսիդավորելու համար:
Նախարարը գոհունակություն հայտնեց, որ ս. թ. առաջին 7-8 ամսվա տվյալներով, գործարքների 96-97 տոկոսի դեպքում տրվել են ՀԴՄ կտրոններ, ընդամենը 3-4 տոկոսի դեպքում գործարքների դիմաց վճարումները կատարվել են բանկերում: Նախկինում խնդիր կար սակագների ցանկերի հետ, ինչն, ըստ նախարարի, լուծվել է՝ բոլոր գրասենյակներում փակցված են սակագների ցուցակները, և որևէ դժգոհություն քաղաքացիներից սակագնից ավելի գումար պահանջելու կամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ չկա: