ՀԱԿ-ը նախապես չի քննարկել ՀԱՊԿ արձանագրության հարցը քաղխորհրդում
Ազգային Ժողովում «ՀԱՊԿ անդամ պետություններում ոչ անդամ պետության կողմից ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու» մասին արձանագրության քվեարկությունից հետո, երբ ՀԱԿ-ի ոչ բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին դրան, տեղեկություններ տարածվեցին, թե ՀԱԿ-ի քաղխորհուրդն առաջիկա նիստում քննարկելու է քվեարկության ժամանակ ՀԱԿ-ի «որոշ պատգամավորների» պահվածքը:
ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը, 168.am-ի հետ զրույցում` խոսելով այս մասին, ասաց. «Ճիշտն ասած` ես քաղխորհրդի վերջին նիստին չեմ մասնակցել, տեղյակ չեմ, բայց այնուամենայնիվ, դրա նախորդ նիստում որոշում է ընդունվել, որ այն պայմանագրերը, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք աշխարհաքաղաքական որոշակի նշանակություն ունեն, պետք է քննարկվեն ՀԱԿ-ի քաղխորհրդում, ինչը չի եղել. այդ օրենսդրական նախագիծը քաղխորհրդում նախապես չի քննարկվել»:
Հիշեցնենք, որ ըստ այդ արձանագրության` ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման համար այժմ անհրաժեշտ կլինի ՀԱՊԿ-ի մյուս անդամների համաձայնությունը: Արձանագյությունն ընդունվել է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում, իսկ ԱԺ-ում այն վավերացվեց հոկտեմբերի 4-ին`ձայների 70 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցությանը, ապա ` կոնգրեսական պատգամավորներից Լյուդմիլա Սարգսյանը և Գագիկ Ջհանգիրյանը կողմ են քվեարկել արձանագրությանը, Արամ Մանուկյանն ընդհանրապես չի քվեարկել, իսկ Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել: