ՀԱԿ քաղխորհուրդը կքննարկի ՀԱՊԿ արձանագրության հարցը
168.am-ի տեղեկություններով` վաղը տեղի է ունենալու ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որտեղ ընթացիկ այլ հարցերի հետ քննարկվելու է նաև անցած շաբաթ խորհրդարանում ընդունված «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական նշանակության ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրության քվեարկության ժամանակ ՀԱԿ որոշ պատգամավորների պահվածքը:
Ինչպես հայտնի է` ՀԱԿ խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանը և Գագիկ Ջհանգիրյանը կողմ են քվեարկել արձանագրությանը, Արամ Մանուկյանն ընդհանրապես չի քվեարկել, իսկ Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել:
ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ հրապարակայնորեն քննադատել են ՀԱԿ այն պատգամավորների պահվածքը, ովքեր կողմ են քվեարկել արձանագրության վավերացմանը, և սա դարձել է ՀԱԿ ներսում լուրջ բանավեճի առարկա: Վաղվա նիստը վարելու է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով չի մասնակցել քվեարկությանը, բայց տարբեր առիթներով հայտարարել է, որ ինքը ևս կողմ է արձանագրության վավերացմանը և, եթե ներկա լիներ նիստին, ապա կողմ կքվեարկեր դրա վավերացմանը: Արդյո՞ք նա վաղը հստակ կներկայացնի իր դիրքորոշումը և արդյո՞ք դա պատճառ կդառնա ՀԱԿ հերթական պառակտման համար, պարզ կլինի վաղը: