
Ռուբեն Վարդանյանը՝ BRICS Business Magazine-ի խմբագրական խորհրդի նախագահ

MEDIACRAT ընկերությունը հայտարարել է միջազգային BRICS Business Magazine տնտեսական ամսագրի առաջին համարի լույս ընծայման մասին, որը նվիրված է զարգացող շուկաներին, մասնավորապես, Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին և Հարավաֆրիկյան Հանրապետությանը: Այս մասին գրում է Մեդիամաքսը՝ նշելով, որ պարբերականի խմբագրական խորհուրդը գլխավորել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր, ֆինանսիստ և բարեգործ Ռուբեն Վարդանյանը:
BRICS Business Magazine-ի կիզակետում են համաշխարհային opinion leader-ները, ազդեցիկ գործարարները եւ քաղաքական գործիչները, ներդրողները, տնտեսագետները և քաղաքագետները: Ամսագրի անդրանիկ համարը նվիրված է Համաշխարհային տնտեսական ֆորումի մոսկովյան նստաշրջանին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին:
«Ամսագրի նպատակն է բացահայտել, նկարագրել եւ բացատրել նոր երկրներ, ցույց տալ հնարավորությունները, որոնք դեռ ոչ բոլորն են նկատել: Դա լուրջ մարտահրավեր է, ու ես կցանկանայի մաղթել նախագծին հաջողություն, ընթերցողների ուշադրություն եւ լավ հեղինակներ», – նշել է Ռուբեն Վարդանյանը: