Կենդանի միկրոօրգանիզմների դերը հղիության շրջանում

Բուժիչ նամակներ

Հասկանալի է, որ խոսքն օգտակար, այլ ոչ թե պաթոգեն` ախտածին միկրոօրգանիզմների մասին է։ Հղիության շրջանն առավել պատասխանատու է կնոջ կյանքում, այդ շրջանում ձևավորվում է ոչ միայն ապագա մարդու ֆիզիկական մարմինը, այլև հիմնադրվում է նոր իմունային համակարգը։ Շատ կարևոր է գիտակցել, որ ծնողների և երեխայի հետագա կյանքի ընթացքը մեծապես կախված է նրանից, թե ինչպես կսնվի մայրը։ Ոչ պակաս կարևոր են ֆիզիկական ակտիվությունը, առողջ ապրելակերպի օրենքների իմացությունը և պահպանումը, բժշկական վերահսկողության և խորհուրդների մակարդակը` որը մեր երկրում առնվազն բարձր է միջինից։ Մենք ունենք հրաշալի մասնագետներ։
Կնոջ ապագա երջանկության համար շատ կարևոր է, թե որքանով նա ճիշտ կդրսևորի իրեն հղիության շրջանում։

Աղիներում «բնակվող» կաթնաթթվային և բիֆիդոբակտերիաները ոչ միայն մաքրում են օրգանիզմը (տես թերթի թիվ 96-ը), այլև համեմատաբար վերջերս կատարված գիտական հետազոտությունների համաձայն` նպաստում են լիմֆատիկ և իմունային համակարգերի զարգացմանը, որոնք ոչ միայն սերտորեն կապված են միմյանց հետ, այլև զարգանում են համատեղ։

Պարզվել է, որ ինֆեկցիաների հանդեպ դիմադրողականությունը կախված է փորձարկման ենթարկված կենդանիների` աղիների միկրոֆլորայի վիճակից։ Ավելին, յուրաքանչյուր ինֆեկցիան հաղթահարելուց հետո պաշտպանիչ համակարգն էլ ավելի է զարգացել։ Հակառակ դեպքում կենդանիները կարճ ժամանակ անց մահացել են։ Չկա պաշտպանիչ միկրոֆլորա, չկա դիմադրւթյուն ինֆեկցիաների հանդեպ, չկա լիարժեք առողջ կյանք։
Բժիշկները եկել են այն եզրակացության, որ կենդանի օգտակար կենսաբակտերիաներն առավել քան բարենպաստ են հղի կանանց համար։ Զգալիորեն նվազում է ինֆեկցիոն հիվանդությունների և ալերգիկ ռեակցիաների թիվը, մասամբ նաև վիժման և վաղաժամ ծննդաբերության հավանականությունը։

Ալերգիան կարող է առաջանալ բազմաթիվ պատճառների հետևանքով` հպում ինչ-որ առարկաների հետ, սննդի մեջ պարունակվող նյութերի, որոշ բույսերի ծաղկափոշի, կենցաղային փոշի, տնային կենդանիների մորթի։ Հակազդեցությունը երբեմն սկսում է կրել գերզգայուն բնույթ, այսինքն` իմունային համակարգը սկսում է «գրոհել» նաև սեփական օրգանիզմի բջիջների վրա, եթե նկատում է դրանց մեջ նույնիսկ աննշան քանակության ալերգեն նյութեր, որոնք կարող են պարունակվել սննդի մեջ` հացի, կովի կաթի, հավի ձվի սպիտակուցի։ Դրանք խաթարում են փոքրիկի դեռ չձևավորված իմունային համակարգը, առաջացնում մաշկային ցան և քոր, այտուցվածություն, բորբոքում, փռշտոց, գլխացավ, հևոց։

Ալերգիան փոխանցվում է նաև ժառանգաբար` գենետիկորեն։ Եթե հիվանդ է ծնողներից մեկը, ապա ժառանգելու հավանականությունը հավասար է 1/3-ի, եթե երկուսը`
1/2-ի։ Ժառանգական ալերգիայի կանխարգելումը կենդանի միկրոօրգանիզմների ընդունման միջոցով պարզապես անհրաժեշտություն է։ Սակայն ինչպե՞ս դա իրագործել։
Գիտնականները նկատել են, որ եթե կինը հղիության և երեխային կերակրելու շրջանում ընդունում է միկրոօրգանիզմներով հարստացված հատուկ դեղորայք, ապա երեխաների մոտ ալերգիկ դրսևորումների ֆոնը զգալիորեն նվազում է։ Ըստ հեղինակավոր բրիտանական «Lancet» հանդեսի հրապարակած տվյալների` ժառանգական ալերգիայով հիվանդ երեխաների թիվը նվազել է մոտ երկու անգամ։

Հարց է առաջանում` արդյո՞ք մենք արհեստականորեն չենք բարդացնում խնդիրը։ Չէ՞ որ ամեն տեղ գրված է, որ թթվակաթնային մթերքները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։ Այո, դա ճիշտ է, սակայն անհնարին է օրը 5-10 լ թարմ կեֆիր, մածուն կամ յոգուրտ ուտել։
Քննարկվող դեպքում խոսքը գնում է նոր ձևավորվող և աճող օրգանիզմի իմունային համակարգի մասին։

Եվ կրկին մեկ պատմական փաստ։
Հին հայերը ձկնակերպ կոթողներ են դրել անմատչելի լեռներում, դրանց վրա պատկերված են եղջերավոր կենդանիներ, թռչուններ, և այլն։ Այդ արձանների (=քարի ծնունդ) վրա պատկերված Արագիլը կրում է որոշակի իմաստ.

  • Արագիլը սերունդների շարունակականության նախանձախնդիրն է, նա որոշ եվրոպական ազգերի զրույցներում ջրի հետ երեխա է բերում։
  • Ըստ Դավիթ Անհաղթի` Արագիլը նաև արդար է, քանի որ մենակ չի թողնում իր տարեց ծնողին, արդարությունը` ըստ իմաստասերի, հոգու ամենակարևոր առաքելությունն է։

Հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ ցանկալի կանխարգելիչ արդյունք ստանալու համար անհրաժեշտ բակտերիաների քանակը` գրեթե աստղաբաշխական թիվ է (1 գրամի մեջ` մոտ 10-ի իններորդ աստիճան)։

Երկրորդ կարևոր հանգամանքը անհրաժեշտ չափաբաժինների ընդունման տևողությունն է։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն կարելի է սահմանափակել հղիության վերջին 2-3 ամիսներով։ Կա նաև կարծիք, որ այդ ժամկետը պետք է լինի 5-6 ամիս։
Եվս մեկ` իր բացատրությունը չստացած փաստ` վերոգրյալ դեղորայքը գրեթե կանխարգելում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը, և երեխան ծնվում է լիարժեք զարգացած։

Այսօր առավել որակյալ է համարվում գերմանական Symbiolact ընկերության արտադրանքը։ Նշված պրոբիոտիկի շտամմերն ընտրվում են «Նյութերի Եվրոպական բանկից», ինչը վկայում է արտադրանքի բարձր որակի մասին։ Մեր հայրենիքում կարծես թե հիմնադրվել է կաթնամթերքի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող ձեռնարկություն։ Սա նոր զարգացող հեռանկարային ճյուղ է։
Այնուամենայնիվ, նույնիսկ արտադրող ձեռնարկություններում աշխատող փորձագետները խոստովանում են, որ ոչինչ չի կարող փոխարինել մայրական կաթին։ Վերջին տարիներին ողջ աշխարհը կարծես թե վերագիտակցում է, որ նորածնին պետք է կերակրել որքան հնարավոր է երկար` մինչև մեկ տարի։

Ուսումնասիրությունների վիճակագրական վերլուծությամբ հաշվարկվել է, որ այդ դեպքում մի քանի անգամ նվազում է ալերգիայի զարգացման հավանականությունը։ Նույնիսկ, եթե ծնողների մոտ կան ալերգիկ բնույթի հիվանդություններ։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքին ազդակները կարող են ձևափոխել մարդու գենետիկ կոդավորումը։ Կերակրող մայրերին խորհուրդ է տրվում ևս վեց ամիս շարունակել պրոբիոտիկների (այսպես է կոչվում արտադրվող դեղորայքը) ընդունումը։
Կան բույսեր, որոնք կեր են հանդիսանում օգտակար բակտերիաների համար և նպաստում դրանց բազմացմանն աղիներում։ Առավել հայտնի են գետնախնձորը և եղերդակը։ Եղերդակի փոշիացրած արմատը հրաշալի ձևով փոխարինում է սուրճին։ Ըմպելիքը մուգ շագանակագույն է և դառնահամ։ Նախատեսված է մեծերի համար (վաճառվում է դեղատներում)։ Մենք նկարագրել ենք այս բույսերի հատկությունները թերթի նախորդ համարներում։

Տեսանյութեր

Լրահոս