ՀՀԿ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը «քաղաքական սպեկուլյացիա է»
Այս շաբաթ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նախագիծը նախատեսում է 2008-ի մարտի 1-ի 10 սպանությունների, հարյուրավոր վիրավորներին հրազենային և այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերից բացի, առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության առարկան դարձնել նաև այդ դեպքերին պաշտոնատար անձանց ու պետական կառույցների ունեցած առնչությունը: Հանձնաժողովի առջև խնդիր է դրվում ուսումնասիրել այդ դեպքերով Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և Գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների օրինականությունը ևս: Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահը համոզված է, որ նման հանձնաժողովի անհրաժեշտություն չկա, քանի որ տարիներ առաջ խորհրդարանում Մարտի 1-ի հանձնաժողով գործել է և իր եզրակացությունն էլ ներկայացրել է:
«Սովորական քաղաքական սպեկուլյացիա է, որովհետև մենք որևիցե նոր կասկածներ չունենք, որ հանձնաժողով ստեղծենք: Առավել ևս պիտի մարդկանց հասկացնել, որ այդ հանձնաժողովը հետաքննող մարմին չէ»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Հայտարարելով, որ քրեական գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում դեռ շարունակվում է, ՀՀԿ փոխնախագահը ընդդիմությանը խորհուրդ է տալիս նոր հանձնաժողով ստեղծելու փոխարեն 2008-ի հետընտրական հանրահավաքների մասնակից իրենց համակիրներին ուղարկել նախաքննական մարմին վկայություններ տալու:
«Իրենք կազմակերպել են հանրահավաքները, իրենք մասնակցել են, իրենք տեսել են ամեն ինչ, մնում է հայտարարություններ անեն կամ իրավապահ լիազոր մարմնին բացատրություններ տան, թե ինչ են տեսել: Մնացած բոլոր քայլերը մենք ժամավաճառություն ենք համարում», – ընդգծել է Սահակյանը:
Հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը ՀԱԿ-ը հիմնավորել էր նրանով, որ նախաքննական մարմինը ամեն ինչ արել է սպանությունների և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը ոչ թե բացահայտելու, այլ թաքցնելու համար: Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահը ավելի շատ վստահում է գործով զբաղվող քննչական մարմիններին, քան ընդդիմությանը. «Ուրեմն լիազոր մարմնին չվստահե՞մ, Կոնգրեսի՞ն վստահեմ: Դա աբսուրդ է», – հայտարարել է Սահակյանը:
Հանրապետականից հետո խորհրդարանական երկրորդ մեծ խմբակցությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանը» դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում որդեգրի Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցում: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նաև նախկինում Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովին էր անդամակցում, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ հարցը խմբակցությունում չեն քննարկել` ձեռնպահ մնալով անձնական կարծիք հայտնել:
Դաշնակցությունը, ինչպես փոխանցել է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, իր կարծիքը կհրապարակի ԱԺ-ի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում` նախագծի քննարկման ժամանակ: «Ժառանգությունը» ևս դեռ չի քննարկել հարցը:
ՀԱԿ-ը հայտարարում է, որ սա յուրահատուկ թեստ է, որով կպարզվի, թե ովքեր են իրականում ցանկանում Մարտի 1-ի բացահայտումը: Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը զարմացած չէ իշխող կուսակցության բացասական արձագանքից:
«Եթե նման նախաձեռնությանը նրանք անմիջապես պատասխանում են` ոչ, դա նշանակում է, որ և այդ սպանությունների համար, և այդ սպանությունների կոծկման համար նրանք կրում են առաջնային պատասխանատվություն, քաղաքական պատասխանատվություն: Իրենք լուծում են իշխանության պահպանման հարց, իրենք բացարձակապես մտահոգված չեն Հայաստանի միջազգային վարկով, Հայաստանի ժողովրդավարությամբ և չեն էլ մտածում, թե տարիներ հետո միջազգային դատարանները ինչ վճիռներ են կայացնելու այս գործերի վերաբերյալ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:
2008-ի մարտիմեկյան սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը 20-օրյա ժամկետում պետք է արժանանա Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի գնահատականին: Դրական եզրակացության դեպքում փաստաթուղթը կմտնի խորհրդարանի օրակարգ: