Պետականամետ վախի մթնոլորտը

Աշխատանքային շաբաթվա վերջին օրը լիովին տեղավորվեց նախորդող օրերի «մարտական» տրամաբանության  մեջ։ Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի թիկնազորի հանդիսավոր զինաթափումն արժանի ֆինալ էր՝ գոմեշի մսի, բուժհաստատությունների տնօրենների ու այլ պատժիչ գործողություններով հագեցած շաբաթվանից հետո։

Եթե հասարակ քաղաքացիներն Արզաքանցյանի տեսանյութը  դիտում էին՝ որպես հետաքրքիր կարճամետրաժ «բոևիկ», ապա շատ ու շատ մեծամեծերի համար սա վախի հերթական դոզան էր։ Համոզված ենք, որ նրանցից շատերն այդ տղաների տեղում պատկերացրեցին իրենց տղաներին։

Փաստորեն, նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած պատժիչ քաղաքականությունը ոչ միայն չի թուլանում, այլև թափ է հավաքում։ Ոմանք ասում են, որ սա PR է, ոմանք էլ համոզված են, որ Սերժ Սարգսյանը լուրջ փոփոխությունների է գնում։  Ու գրեթե բոլորն այս ամենը դիտարկում են ապագա ընտրությունների համատեքստում։ Ինչպե՞ս կազդի քաղաքականության աննախադեպ կոշտացումը նախագահի իշխանության վրա։ 168.am կայքում անդրադարձել էինք այս խնդրին՝ նշելով, որ եթե մի կողմ թողնենք PR-ային բաղադրիչը, ապա «պատժիչ գործողությունների» արդյունքում թուլանում է միջին օղակի չինովնիկների վստահությունն իշխանության նկատմամբ, հետևաբար՝ նաև վստահությունը և նվիրվածությունը։ Այս իրավիճակը, շատերի կարծիքով, պայթյունավտանգ է։ Իշխանությանը մշտապես ծառայած մարդկանց մոտ վերանում են նույն իշխանության վերարտադրությանը նպաստելու շարժառիթները։ Ինչո՞ւ պետք է որևէ մեկն օրենք խախտելով ձայներ ապահովի, եթե իրեն կարող են քավության նոխազ սարքել ու պատժել՝ ի ցույց բոլորի։ Այսինքն՝ գործող իշխանությանը անմնացորդ ծառայելն այլևս անձեռնմխելիության երաշխիքներ չի ապահովում։

Ոմանք ասում են, որ «պատժիչ» գործողություններն իրականում ուղղված են քաղաքական հակառակորդների դեմ կամ այդ հակառակորդների հետ «խաղեր տվողների» դեմ։ Օրինակ, ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեպքում նշվում էր, որ իրական պատճառը պետք է փնտրել հարևան կուսակցությունում` «Բարգավաճ Հայաստանի» հետ նրա ունեցած «թաքուն» հարաբերություններով։

Սակայն, եթե դա անգամ այդպես է, ապա իշխանությունը մեկումեջ պատժում է նաև խիստ յուրայիններին։ Օրինակ՝ Վազգեն Խաչիկյանին, որն ուղնուծուծով իշխանամետ էր և մինչ այսօր էլ մնում է ՀՀԿ նվիրված անդամ (չի բացառվում, որ խցում անգամ հագուստին փակցրել է ՀՀԿ-ի կրծքանշանը)։ Կամ, օրինակ, Տիգրան Արզաքանցյանի թիկնազորի զինաթափումը։ Եթե վաղը զինաթափեն, ասենք, Գագիկ Ծառուկյանի թիկնազորին, ապա այդ գործողության ետևում քաղաքական ենթատեքստ տեսնողներին մատնացույց են անելու հենց Արզաքանցյանի դեպքը, թե՝ տեսեք, որ մերոնց էլ ենք պատժում։ Կարճ ասած՝ յուրայիններին կարող են զոհաբերել՝ հող նախապատրաստելով ոչ յուրայիններին ավելի խիստ պատժելու համար։

Ի դեպ, ժամանակին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում երկրի կարևորագույն մարդը` նախագահից հետո, համարվում էր Սերժ Սարգսյանը. նա կարողանում էր մեղմել ներքին սրված փոխհարաբերությունները, կանխել հնարավոր զարգացումները: Ավելին, շատերը, ում նեղացնում էր Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմը` գնում էին Սերժ Սարգսյանի մոտ` «դարդերը կիսելու»: Այսօր, սակայն,  Սերժ Սարգսյանը չունի  Սերժ Սարգսյան, որպեսզի սուր անկյունները կամ չհասկացվածությունը հարթի: Հովիկ Աբրահամյանին էլ չհաջողվեց այդ անձը դառնալ` հաշվի առնելով իր խնամիական կապերը և ոչ 100 տոկոսանոց վստահությունը յուրայինների մեջ:

Այս վիճակն ընդդիմությանը կարող է դուր գալ։ «Ռեժիմի հիմքերն ավելի խախուտ են դառնում»,-  միգուցե մտածում են նրանք ու սպասում, որ համակարգը մի օր փուլ կգա, ինքն իրեն, առանց կողմնակի օգնության։ Այսինքն՝ կարելի է ոչինչ չանել, այլ պարզապես սպասել, մինչև դա տեղի ունենա։ Դա, իհարկե, հնարավոր տարբերակ է, մանավանդ, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Սակայն նույնքան հնարավոր է, որ տեղի ունենա ճիշտ հակառակը՝ իշխանությունն ավելի ամրապնդի։

Հարկ է նշել, որ պետական համակարգի աշխատողներն ու բոլոր նրանք, ովքեր տարբեր ժամանակներում իրենց ծառայություններն են մատուցել իշխանությանը, անհանգստանում ու սրտնեղում են, սակայն այդ անհանգստությունն առայժմ ընդվզման կամ ճամբարը փոխելուն չի հանգեցնում։ Հակառակը՝ մարդիկ դառնում են ավելի զգուշավոր վախեցած և ավելի… հավատարիմ։ Ոչ մի քայլ՝ առանց նախագահականի «դաբրոյի»։ Սերժ Սարգսյանը երկար տարիներ միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ և փորձառու գործիչ է։ Միամտություն կլիներ կարծել, թե «պատժիչ» գործելաոճի վտանգներն ու հետևանքները հաշվարկած չի լինի։  Ու եթե գնացել է այս քայլին՝ սեփական թիմում թշնամիներ ձեռք բերելու ռիսկին, ապա դա նշանակում է, որ չափազանց լավ է ճանաչում այդ թիմին։ Հանգիստ է, քանի որ գիտի՝ թիմն ընդունակ չէ ընդվզման։

Կարճ ասած, այն ամենը, ինչ կատարվում է, նախագահի իշխանության համար հաստատ լուրջ վտանգ չի պարունակում։

Սակայն խիստ բացասաբար է ազդում ներքաղաքական ու տնտեսական կյանքի վրա։ Չենք չափազանցնի, եթե ասենք, որ այս համակարգի ու ձևավորված մթնոլորտի պատճառով պետական համակարգը հայտնվել է պարալիզացված վիճակում։ Ոչ ոք ոչ մի քայլ չի կարողանում անել՝ մինչև հրահանգ չստանա։ Ի՞նչ իմանա՝ ինչպե՞ս կընկալվի այդ քայլը, ո՞վ կզանգի, ի՞նչ կասի, և ինչպե՞ս կդասավորվի իր աշխատանքային կարիերան։ Ոստիկանը (թեկուզ բարձրաստիճան) լուրջ հանցագործին ձերբակալելուց առաջ պիտի հաշվի առնի՝ այս մարդն ընտրությունների ժամանակ ի՞նչ դեր է խաղացել և ի՞նչ հարաբերությունների մեջ է ոմանց հետ։ Հարկային տեսուչը որևէ տեղ մտնելուց առաջ պետք է ոչ թե ճշտի, թե ստվերը որքա՞ն է, այլ` ո՞վ է կանգնած բիզնեսի ետևում։ Որքան էլ նախագահն ու վարչապետը հայտարարեն, թե հովանավորչությունը և միջամտությունը բացառվելու են, մարդիկ ավելի վախենալով են աշխատում, «շառից հեռու»։ Ինքնուրույնություն չկա։ Դժվար է հավատալ, որ միջին օղակի որևէ չինովնիկ կարող է որևէ նախաձեռնություն կամ նորարարություն առաջարկել։ Ի՞նչ իմանա, թե ինչպե՞ս դա կընկալի նախ՝ իր անմիջական շեֆը, հետո էլ՝ իր շեֆի շեֆը։ «Բուծիկների» պատմությունից հետո բոլորը հասկացան, որ այս երկրում ամեն ինչ որոշում է մեկ մարդ։ Եվ իրենցից պահանջվում է ոչ թե մտածել, այլ պարզապես անել այն, ինչ ասվում է։  Իսկ եթե, ամեն դեպքում, ցանկանում են մտածել, ապա պետք է մտածել այնպես, ինչպես այդ մեկ մարդը։

Կարճ ասած, պետական համակարգը դարձել է ամորֆ, ինքնուրույն գործելու ունակությունից զուրկ, վախեցած ու լարված մի… չգիտես ինչ։ Իսկ նման պայմաններում հույս ունենալ, որ պետական համակարգը նորմալ կգործի, արդյունավետ որոշումներ կընդունի ու որակական զարգացումների կտանի երկիրը, առնվազն միամտություն է։ Մարդը, այդ թվում՝ պետական պաշտոնյան, առաջին հերթին, մտածում է իր, նոր միայն՝ պետության մասին։ Իսկ մեզանում պետական պաշտոնյան այսօր իր մասին մտածում ու մտահոգվում է օրը 24 ժամ։ Իսկ դրանից ոչ ոք չի շահում։

 

Տեսանյութեր

Լրահոս