Եվա Ռիվասը կազդուրվում է
Երգչուհի Եվա Ռիվասն օրեր առաջ վիրահատության է ենթարկվել: Հիշեցնենք, որ անցյալ տարի երգչուհին «Գոհար» համույթի երևանյան համերգի գլխավոր փորձի ժամանակ որովայնի շրջանում սուր ցավեր էր ունեցել, ինչի պատճառով անհապաղ վիրահատվել էր: Վիրահատությունից մեկ տարի անց երգչուհու մոտ կրկին առողջական խնդիրներ են առաջանում` սրացումներ են լինում, ինչի պատճառով երգչուհին կրկին դիմում է բժիշկների օգնությանը:
Ինչպես տեղեկացանք երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանից` այս անգամ երգչուհին վիրահատական միջամտության չի ենթարկվել և հիմա իրեն համեմատաբար լավ է զգում, կազդուրվում է: Հարցին` արդյոք երգչուհին այժմ հիվանդանոցո՞ւմ է գտնվում, թե՞ դուրս է գրվել, պրոդյուսերը պատասխանեց, որ Ե. Ռիվասը սկզբնական շրջանում վերակենդանացման բաժանմունքում է գտնվել, այնուհետև ուղղակի երբեմն-երբեմն գնացել է բժշկի մոտ՝ հետազոտությունների և անհրաժեշտ բուժման համար:
168.am- ի հարցին, թե ինչո՞ւ երգչուհին հայկական շոու-բիզնեսում հաճախ չի երևում, ինչպես խոստացել էր «Եվրատեսիլին» մասնակցելուց առաջ և հետո, Վալերի Սահարյանը պատասխանեց. «Եվա Ռիվասն այժմ փոքրիկ հանդիպումներ է ունենում իր երկրպագուների հետ: Եվ քանի որ նա երգչուհի է, ով կարողանում է երգել, կարողանում է ուրախացնել իր երկրպագուներին լավ երաժշտությամբ, նա կերգի: Մոտակա տարվա ընթացքում ալբոմ չի լինի: Բոլոր պլանները կախված են երգչուհու առողջական վիճակից: Հուսամ, որ նրա առողջական վիճակն իրեն թույլ կտա շուտով զարմացնել իր հանդիսատեսին նոր ալբոմով»: