Ակադեմիայում տեղի կունենա «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» գիտաժողովը
Վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» վերնագրով գիտաժողովը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադրման 50 ամյակին: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Գիտաժողովի նպատակն է ընդհանրացնել քիմիական ֆիզիկայի բնագավառում ստացված արդյունքները, միջազգային գիտական հանրությանը ծանոթացնել ինստիտուտի վերջին տարիների գիտական մշակումներին, քննարկել բնագավառի զարգացման հեռանկարներն ու փոխանակել ձեռք բերված փորձը:
Նշենք, որ ինստիտուտում մշակված և կիրառական հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկներ ներկայացվել են ՀՀ կառավարական տարբեր մարմինների և միջազգային մի շարք կազմակերպությունների քննարկմանը: Հարկ է նշել, որ ինստիտուտի աշխատակիցների կողմից առաջադրված ինովացիոն ««ԼԱ-2» ժանգի ձևափոխիչի ստացման տեխնոլոգիայի մշակում» ծրագրին 2011-2012թթ. ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրվել է 25,5 մլն դրամ ֆինանսավորում` կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների ծրագրի շրջանակներում ևներկայումս ինստիտուտի տարածքում ավարտին են մոտենում փորձնական արտադրական տեղամասի կառուցմանաշխատանքները:
Վերջին երեք տարիների ընթացքում հրատարակել են 1 մենագրություն և ավելի քան 70 գիտական հոդվածներ, որոնցից 45-ը` արտասահմանյան գրախոսվող և բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, պաշտպանվել են 3 թեկնածուականատենախոսություններ:
Ինստիտուտն իր գոյության տարիներին կազմակերպել է ավելի քան 20 միջազգային, համամիութենական և հանրապետական գիտաժողովներ և գիտական դպրոց-սեմինարներ: