Բաժիններ՝

«Այս տարվա կաթի գները ցածր էին 2011 թվականից, բայց բարձր էին 2008-2010 թվականներից»

«2012թ. հոկտեմբերի 3-ի դրությամբ առկա 3.6% բազիսային յուղայնությամբ 1 կգ կաթի գինն այսօր  տատանվում է 130-160 դրամի սահմաններում: Սակայն 3.6%-ից բարձր  յուղայնությամբ կաթի համար ֆերմերներին վճարում են 165-180 դրամ»,- կաթի ներկայիս գների  մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը:

Նշենք, որ վերջին շրջանում կաթնամթերք արտադրող փոքր գյուղացիական տնտեսությունները բողոքում էին խոտի գների ավելացման և կաթի գների անփոփոխ ցածր լինելու մասին:

168.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչն էր պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները  կաթը վաճառում էին ցածր գնով:  «Նախարարության կողմից կաթ վերամշակող ձեռնարկությունների հետ պարբերաբար քննարկումներ են կազմակերպվել՝ կաթի մթերման խելամիտ և փոխշահավետ գներ սահմանելու համար:

Այս տարի ձևավորված կաթի մթերման գները թեև ցածր էին նախորդ տարվա գներից, այնուամենայնիվ` դրանք բարձր էին 2008-2010 թվականներին սահմանված գներից: Կաթի մթերման գները սեզոնային բնույթի են  և պարբերաբար  տատանվում են: Ամենացածր գները ձևավորվում են մայիս-հունիս ամիսներին, երբ կաթի արտադրության ծավալներն ամենաբարձրն են: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից կաթի արտադրության ծավալները նվազում են, իսկ մթերման գներն ավելանում և առավելագույնի են հասնում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս