Ե՞րբ կկալանավորեն Վարդան Օսկանյանին
Այսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը հրավիրվել է հարցաքննության: Ամենայն հավանակությամբ, այսօր նրան նաև մեղադրանք կառաջադրվի, որին արդեն կհետևեն այլ գործողություններ՝ ընդհուպ մինչև կալանավորումը: Դեռևս հայտնի չէ, Վարդան Օսկանյանը գնալո՞ւ է հարցաքննության, թե՞ ոչ: Նա իր ֆեյսբույքան էջում կատարվածը որակել է որպես ոտնձգություն ոչ թե իր, այլ Հայաստանի հեղինակության ու ժողովրդավարության նկատմամբ՝ այդուհանդերձ չնշելով` գնալո՞ւ է հարցաքննության, թե՞ ոչ: ԱԱԾ-ն, սակայն, նրան զգուշացրել է, որ չներկայանալու համար հիմնավոր պատճառներ չներկաացնելու դեպքում` նա բերման կենթարկվի:
Վարդան Օսկանյանին հատկապես այսօր հարցաքննության հրավիրելը, թերևս, այնքան էլ պատահական չէ: Արդեն մի քանի օր է՝ քաղաքական շրջանակներում ու մամուլում համառորեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարելու է կա’մ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու, կա’մ իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Ընդհանրապես Վարդան Օսկանյանի գործի հետ կապված ամենաքննարկվող վարկածներից մեկն այն էր, որ այդպիսով իշխանությունը ցանկանում է Գագիկ Ծառուկյանից Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն ստանալ: Սակայն, դատելով իշխանությունների գործողություններից, նրանք ամեն ինչ անում են հակառակի համար: Եթե իշխանությանն անհրաժեշտ լիներ Ծառուկյանի սատարումը, ապա հազիվ թե Օսկանյանի գործն այսպիսի ընթացք ունենար՝ հասնելով նրան անձեռնմխելիությունից զրկելուն:
Հիմա իրավիճակը սրվել է այն աստիճան, որ այս պայմաններում, նույնիսկ եթե վաղը Օսկանյանի անձեռնմխելիությունը ետ վերադաձնեն ու նրանից ներողություն խնդրեն, ԲՀԿ-ի կողմից գործող նախագահին սատարելը, մեղմ ասած, «ճիշտ չի հասկացվի»: Դա կնաշանակի ԲՀԿ-ի հեղինակության ուղղակի ոչնչացում, ինչից հետո նրա աջակցությունը Սերժ Սարգսյանին ոչ միայն չի օգնի, այլև ավելի կվնասի: Այսինքն՝ իշխանությունն իր գործողություններով ԲՀԿ-ին կամ Գ. Ծառուկյանին ուղղակի դրդում է առաջադրվել նախագահական ընտրություններում: Այդ տրամաբանության շրջանակներում Վարդան Օսկանյանի կալանավորումն ավելի հավանական է թվում: Այլ հարց է, թե երբ դա տեղի կունենա: Եթե Ծառուկյանն առաջադրվելու է ու դա իսկապես մտնում է իշխանության ծրագրերի մեջ, ապա ավելի հավանական է, որ Օսկանյանին կկալավորեն ընտրություններից 2-3 ամիս առաջ` այն հաշվարկով, որ այն դառնա նախըտրական քարոզարշավում ԲՀԿ-ի պլատֆորմի հիմնական մեխը: Ադպիսով` Վարդան Օսկանյանի կալանավորումն իշխանությունը կծառայեցնի ԲՀԿ-ի նախընտրական վարկանիշի բարձրացմանը: Այսինքն՝ այդ տեսանկյունից Վարդան Օսկանյանի «նստելը» ձեռնտու է նաև ԲՀԿ-ին:
Մյուս տարբերակն այն է, որ, այդուհանդերձ, Գագիկ Ծառուկյանը կարող է հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Դա արդյոք նշանակում է, որ Օսկանյանի գործը «կփակվի»: Հազիվ թե: Այս գործը բավական աղմուկ է հանել, երկու կողմերից հնչել են բավական սուր մեղադրանքներ, ի վերջո, Օսկայանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից: Այսքան աղմուկից հետո Օսկանյանի գործի «կարճումն» ավելի հիմնավոր կդարձնի այն վարկածը, որ նրան հետապնդում էին բացառաես քաղաքական նպատակներով՝ ԲՀԿ աջակցությունը ստանալու համար: Մի՞թե ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը կգնա նման քայլի՝ աշխարհին ցույց տալով, որ իր իշխանությունը քաղաքական հաշվարկներով գործեր է հարուցում քաղաքական գործիչների նկատմամբ: Հազիվ թե:
Միջանկյալ տարբերակն այն է, որ Օսկանյանի նկատմամբ հարուցված գործի ամբողջ մեղքը բարդվի ԱԱԾ-ի ու Գլխավոր դատախազության վրա և վերջիններիս ղեկավարներն այդ հիմքով պաշտոնանկ արվեն: Սակայն ընտրություններից առաջ երկու կարևորագույն ուժային մարմիններին մղադրելը և նրանց ղեկավարներին պաշտոնանկ անելը կնշանակի ուղղակի հանձնել իշխանությունը: Այսինքն՝ այս տարբերակն ի սկզբանե պետք է բացառել:
Հետևաբար, նույնիսկ եթե Ծառուկյանը հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին, Վարդան Օսկանյանի գործը չի կարող շարունակություն չունենալ:
Երրորդ հնարավոր տարբերակն էլ այն է, որ Ծառուկյանը հայտարարի ընտրություններում չեզոք դիրք գրավելու, այսինքն՝ որևէ թեկնածուի չպաշտպանելու մասին: Այդ վարկածն, ի դեպ, ևս քննարկվում է քաղաքական շրջանակներում: Սակայն այդ դեպքում նույնպես Օսկանյանի գործի ու նրա ճակատագիրը հազիվ թե փոխվի, քանի որ դա կվնասի «պետության հեղինակությանը», ինչն ընտրություններից առաջ Ս. Սարգսյանին կրկին պետք չէ:
Ստեղծված իրավիճակի նրբությունն այն է, որ իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակների դեպքում անձամբ Վարդան Օսկանյանը տուժելու է: Ո՛չ իշխանությունը, ոչ Գագիկ Ծառուկյանը «հետ քայլ անելու» տեղ չեն թողել: