Բաժիններ՝

Ի՞նչ խորհուրդ ունի եզդի փեսայի՝ խնձորով հարսին հարվածելու ավանդույթը

Ինչո՞ւ է եզդի փեսացուն հարսանիքի ժամանակ խնձորով հարվածում հարսի գլխին: Սա հարց է, որն արժանացել է բազմաթիվ հայ երիտասարդների հետաքրքրությանը:

Ցանկացած երիտասարդական հավաքի, որտեղ միաժամանակ ներկա են լինում հայ և եզդի երիտասարդները,  հայերի կողմից հնչեցված ամենատարածված հարցն այն է, թե ինչո՞ւ են հարսանեկան արարողության ժամանակ խնձորով հարվածում հարսին:

168.am-ը փորձեց պարզել այդ ավանդույթի խորհուրդը: «Չնայած,  եզդիների հետ հայերը դարեր շարունակ եղբայրներ են, սակայն հայերը քիչ են տեղեկացված եզդիական ավանդույթներին և ծեսերին: Եզդիական ավանդական հարսանիքը ծիսակատարությունների մի յուրօրինակ հավաքատեղի է: Բայց մեր ավանդույթներից ամենաշատը խոսվում է, այսպես կոչված, հարսի գլխին խնձորով հարվածելու արարողության մասին:Այդ մասին հասարակության շրջանում թյուր կարծիք կա ձևավորված»,- ասում է «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին:

Ըստ Բորիս Մուրազիի` այդ ավանդույթը գալիս է դարերի խորքից և ունի յուրօրինակ մեկնաբանություն: «Հնում, երբ եզդի երիտասարդ տղային խնդրում էին ցույց տալ իր սիրեցյալի տունը, տղան այդ տան ուղղությամբ խնձոր էր գլորում, և տղայի ծնողներն այդ տանից էին գնում հարս ուզելու:  Հարսանիքի ժամանակ էլ  փեսան խնձորը նետում  (ոչ թե հարվածում) է հարսի ուղղությամբ՝ ցույց տալով  բազմության միջից իր սիրեցյալին»:

Եզդիների հարսանեկան արարողության մեջ կարևորում են ազաբ եղբոր ներկայությունը, ով հարսանեկան ծեսի ընթացքում պարեցնում է զարդարված ծառի ճյուղը: «Այս ծառի հետ կապված, նույնպես հետաքրքիր ավանդույթ կա կապված: Ծառը, որը պետք է անպայման բերքատու լինի, բուն հարսանեկան արարողության նախորդող օրը չամուսնացած եզդի տղաները գողանում են ինչ-որ այգուց, և պարտադիր պայման է, որ ծառի ճյուղը չպետք է գործիքով կտրվի:

Արդեն երեկոյան` չամուսնացած տղաներն ու աղջիկները, ծառը մրգերով և քաղցրավենիքներով են զարդարում: Այդ ճյուղի մեջտեղում գունավոր կտոր է կապվում, որտեղ հարսանիքի հյուրերը, ծառը պարեցնելու ժամանակ, իրենց նվիրատվություններն են թողնում: Ի դեպ, այդ նվիրատվությունը վերջում բաժին է հասնում ազաբ եղբորը: Ծառի ճյուղը, որն այդքան խնամքով և սիրով զարդարվում է, խորհրդանշում է նորաստեղծ ընտանիքը, նրա բերրիությունն ու առատությունը»,- ասում է Բորիս Մուրազին:

Ինչպես հայկական ավանդական ծիսական հարսանիքի ժամանակ, այնպես էլ եզդիների հարսանեկան արարողության ավանդույթով` հարսին իր հայրական տանից բերելու և օժիտ տալու ծիսակարգ կա: Բացի նորաստեղծ ընտանիքին նվիրած անհրաժեշտ պարագաներից, հարսի ընտանիքի կողմից հարսին ու փեսային նաև ասեղնագործ բարձ է նվիրվում: Ըստ «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիի` դա խորհրդանշում  է նրանց անբաժան և երջանիկ կյանքը: «Հարսնացուի տանը հարսի և տղայի հոր մասնակցությամբ  մի  յուրօրինակ ԶԱԳՍ-ի արարողություն է կատարվում, ծնողներն իրար միացնելով բութ մատները՝ ներկաների առջև խոստանում են, որ իրենց կողմից հնարավոր ամեն ինչ անելու են նորաստեղծ ընտանիքին աջակցելու համար և ոչ մի հարցում չեն խանգարելու զույգի երջանիկ կյանքը»,- նշում է Բորիս Մուրազին:

Այս արարողություններից հետո նորապսակները, հյուրերի հետ միասին, գնում են փեսայի  շեյխի տուն, որպեսզի իրենց տուն մտնելուց առաջ ստանան շեյխի օրհնությունը և խոնարհեն իրենց գլուխները սուրբ օջախի առջև: «Փեսայի տան մուտքի մոտ նորապսակներին դիմավորում է տղայի մայրը և քաղցրավենիք շաղ տալիս նրանց վրա:

Մինչ  ներս մտնելը, փեսան և ազաբ եղբայրը կանգնում են մի բարձր տեղում, և ներքևից երեք անգամ վերև են նետում բարձը, որը բերել էին հարսի տանից: Ազաբ եղբայրը երեք անգամ այդ բարձով խփում է փեսայի գլխին: Այստեղ է, որ փեսան խնձոր է նետում հարսի ուղղությամբ: Վերջում քաղցրավենիքով և մրգերով զարդարված ծառի ճյուղն ազաբ եղբայրը թափահարում է ներկաների վրա` ի նշան առատության»,- պատմում է Բորիս Մուրազին:
Այս ամենից հետո  միայն  նորապսակները կարող են մտնել շեմքից ներս և շարունակել ուրախությունը: Եզդիական հարսանեկան արարողության անբաժանելի և կարևորագույն մասն է ազգային «Գովանդ» պարը, որը պարում են բոլորն անխտիր: Նշեմ, որ «Գովանդը» հին եզդիական պար է` բռնում են միմյանց ճկույթներից և աջ ոտքից սկսում քայլ գցել. երեք քայլ՝ առաջ, երկուսը՝ հետ հերթականությամբ: Ասում են, երբ եզդի ցեղն անցնում էր ճահճի միջով` ցեղի անդամները երեք քայլ էին անում, ապա երկու քայլ հետ գալիս, որպեսզի հաջորդ ցեղակցի համար հողը արդեն բավական ամրացած լինի: Իսկ  բռնում էին իրար ճկույթներից, որպեսզի իրենցից մեկի խորտակվելու դեպքում՝ մյուսները ևս չխորտակվեն:

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս