Ռուբեն Հակոբյանի համար նման քվեարկությունն անակնկալ չէր

168.am-ի հարցին, թե արդյո՞ք սպասելի էր այսօր ԱԺ-ում տեղի ունեցած՝ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քվեարկությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.

«Անկեղծ ասած, այո՛, սպասելի էր, և ցավում եմ, որ խորհրդանական մեծամասնությունը մեր առաջարկությունը չընդունեց՝ հետ տանել միջնորդությունը, որովհետև սա, ի վերջո, քաղաքական հարց է, և ես կարծում եմ՝ անիմաստ է գերնպատակ դարձնել Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը, և կարծում եմ՝առաջիկայում կզգանք այն բացասական հետևանքները, որոնք պայմանավորված կլինեն այսօրվա քվեարկությամբ: Նաև ուզում եմ ասել, որ, բոլոր դեպքերում, 64 ձայնը  նույնիսկ Խորհրդարանի ընդհանուր թվի կեսը չի կազմում, այսպիսի կարևոր հարցերը պետք է բացարձակ մեծամասնությամբ, այսինքն` ընդհանուր թվի կեսից ավելիով պետք է լուծվի, որը, իհարկե, սահմանադրական փոփոխությունների հետ է կապված:

Բոլոր դեպքերում, կարծում եմ՝ թե՛ քվեարկողների, թե՛ չքվեարկողների մոտ մնացած կլինի շատ դիսկոմֆորտ զգացողություն, և չեմ կարծում, որ այս քվեարկությունը նպաստեց Ազգային ժողովի հեղինակության բարձրացմանը, այն դեպքում, երբ առանց այդ էլ ԱԺ-ն չի փայլում իր վարկանիշով»:

Իսկ հարցին,  թե՝ ծանոթ լինելով ներկայացված միջնորդագրին՝ արդյո՞ք կային իրավական հիմքեր, թե՞ դա ամբողջությամբ քաղաքական պատվեր էր,  Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Ես նույնիսկ ներողություն խնդրելով Վարդան Օսկանյանից իմ ելույթի ժամանակ՝ ասացի, որ, եթե նույնիսկ  հիպոթետիկ ընդունենք, որ բոլոր փաստերը համապատասխանում են իրականությանը, որին ես խիստ կասկածում եմ, որովհետև ներկայացման ժամանակ համոզիչ չէր, բայց, դրանով հանդերձ, չեմ կարծում, որ Վարդան Օսկանյանին՝ որպես ձկան մեծ գլուխ, ինչպես նախագահը  վերջին ելույթներից մեկի ժամանակ նշեց, անձեռնմխելիությունից զրկելով՝ պատրաստվում է սկզբունքային, անկեղծ պայքար կոռուպցիայի դեմ: Չեմ կարծում, որ այսօր ժողովրդի մոտ Օսկանյանը խորհրդանշում է կոռուպցիա»:

Մյուս հարցին էլ` հիասթափվե՞լ եք այսօրվա քվեարկությունից, պատգամավորը պատասխանեց. «Հիասթափությունը մի քիչ  քաղաքական կատեգորիա չէ, բայց երբ տեսնում ես, որ արհեստական վիճակ է ստեղծվում, ես իմ խոսքում ասացի, որ եթե  խնդիրը սխալ է ձևակերպվում, իսկ այդ խնդիրը հաստատ սխալ է ձևակերպվել, ցանկացած լուծում սխալ է լինելու: Մենք գործ ունեցանք սխալ ձևակերպված խնդրի հետ: Խնդիրը պետք է չձևակերպվեր՝ կողմ-դեմն այդքան էական չէ այստեղ: Այս պահին նման ձևակերպված խնդիրը, իհարկե, սխալ է»:

Տեսանյութեր

Լրահոս