
Սակահաշվիլին ընդունեց պարտությունը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է իր կողմնակիցների պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հայտարարել, որ իշխող «Միացյալ ազգային շարժումն» այսուհետ դառնում է ընդդիմություն։ Այս մասին գրում է BBC-ն։
«Ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո ակնհայտ է, որ այս ընտրություններում հաղթանակ տարավ «Վրացական երազանք» դաշինքը։ Դա նշանակում է, որ խորհրդարանական նոր մեծամասնությունը պետք է կառավարություն ձևավորի, իսկ նախագահը սահմանադրության շրջանակներում կաջակցի նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկին, կառավարության նոր ղեկավարի ընտրությանն ու նոր կառավարության ձևավորմանը»,- վրաց ժողովրդին ուղղված իր հեռուստատեսային ուղերձում ասել է Սահակաշվիլին։
Վրաստանի նախագահը նաև հայտարարել է, որ ընդդիմադիր դաշինքի հայացքներն իր համար օտար էին և այդպիսին էլ մնում են, սակայն ժողովրդավարության սկզբունքի համաձայն՝ վրաց ժողովուրդն ինքն է որոշում կայացնում։ Սահակաշվիլին նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Վրացական երազանքի» հետ։