Վ. Օսկանյան. «Ես պայքարել ու պայքարելու եմ արդարության համար»

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հերթական գրառումն է արել Ֆեյսբուքի իր էջում։

«Այն պահին, երբ Սիվիլիթասի և ՍիվիլՆեթի աշխատակիցները հայտնեցին, որ ուզում են երկուշաբթի օրը, ժամը 11:00-ից հավաքվել խորհրդարանի առաջ իրենց բողոքը հայտնելու` կապված դատախազի միջնորդագրի հետ, բազմաթիվ զանգեր եմ ստացել, և շատերն էլ մոտեցել են ինձ` հայտնելու իրենց աջակցությունը և պատրաստակամությունը միանալու Սիվիլիթասի աշխատակիցներին:

Այդ օրը խորհրդարանում քննարկվելու է ինձ` պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն խոսքը միայն իմ անձեռնմխելիության մասին չէ. այսպիսով վտանգվում է խոսքի ազատության անձեռնմխելիությունը, ուստի և վերաբերում է մեր ամբողջ հասարակությանը: Սա ոչ թե իմ գաղափարների և սկզբունքների մասին է, այլև բոլորիս համոզմունք ունենալու և այն արտահայտելու իրավունքի մասին է:

Իմ և Բարգավաճ Հայաստան կուսակցության ցանկացած քննադատություն իշխանությունների որդեգրած քաղաքական գործունեության և Հայաստանում առկա թերությունների մասին միշտ անհանգստություն և լարվածություն է պատճառել իշխանության ներկայացուցիչներին: ԱԱԾ-ի և դատախազի այս գործողություններն էլ դրա վառ ապացույցն են: Սակայն ես պայքարել ու պայքարելու եմ արդարության համար: Եվ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք կուղեկցեն ինձ ու մեզ արդարության հաստատման ճանապարհին:

Ես մասնավորապես գնահատում եմ այն մարդկանց, որոնք բացահայտորեն ասել են, որ աջակցում են ինձ ոչ թե իմ համար, այլ ցանկացած քաղաքացու գաղափարներ և սկզբունքներ ունենալու և դրանք արտահայտելու իրավունքի համար, օրենքի համար»,- գրել է Վ. Օսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս