Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ժամկետները դեռ նոր պետք է հստակեցվեն
Իրանի հետ էներգետիկ համատեղ ծրագրերը շարունակում են Հայաստանի համար գերակա ու առաջնահերթ մնալ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Իրանի շուրջ զարգացումները և դրանց տնտեսական հետևանքները չէին կարող ազդեցություն չթողնել հայ-իրանական ծրագրերի իրականացման տեմպերի վրա: Առավել ևս՝ այդ ծրագրերը խոշոր ֆինանսական հատկացումներ են պահանջում: Այսպես՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը կարժենա 300 մլն դոլար, ու ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնում է իրանական կողմը: Այս պահին մոտ 10 մլն դոլար է ծախսվել գեոֆիզիկական և գեոտեխնիկական աշխատանքների համար:
Ըստ Ա. Սիմոնյանի՝ հոկտեմբերի 22-25-ին Հայաստանում տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստ, որտեղ կհստակեցվեն շինարարության սկսման ժամկետները: